Ընտրություն ենք կատարելու երկու Վրաստանի միջև. Սալոմե Զուրաբիշվիլի

«Այսօր երկու թեկնածուների կամ երկու կուսակցությունների միջև ընտրություն չէ, այսօր ընտրություն է երկու Վրաստանի միջև», — հայտարարել է իշխող կուսակցության աջակցությունը վայելող նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին՝ ընտրական շտաբում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ նրա կողմում է գտնվում Եվրոպան, նրա կողմում է Վրաստանի ապագան:

«Ես պատրաստ եմ երկրորդ փուլին: Ես պատրաստ եմ պայքարին, քանի որ հավատում եմ ձեզ, ես հավատում եմ ձեր ընտրությանը, հավատում եմ ձեր իմաստությանը, ես հավատացած եմ, որ դուք գիտեք, թե ինչ եք ուզում Վրաստանի համար: Կարծում եմ՝ լավ գիտեք, որ այսօր երկու թեկնածուների կամ երկու կուսակցությունների միջև ընտրություն չէ, այսօր ընտրություն է երկու Վրաստանի միջև։ «Ռուսթավի 2»-ը հավատացնում է ժողովրդին, որ ես կարող եմ թեկնածությունս հանել, և ի՞նչ Վաշաձեին և Ռուսաստանին զիջեմ երկիրը, և ի՞նչ սատարողներիս և հետս պայքարողներին թողնեմ կես ճանապարհի՞ն, ո՛չ։ Ես կարծում եմ ինձ չեն ճանաչում, Կախեթիից էլ եմ, մեգրել էլ եմ: Հաստատակամ, հավատարիմ իմ ժողովրդին և իմ երկրին: Այնպես որ, ես պատրաստ եմ երկրորդ փուլին: Ես պատրաստ եմ պայքարին», — հայտարարել է նախագահի թեկնածուն և կոչ արել, որպեսզի ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ ժողովուրդն առավել ակտիվ լինի և պայքարի իր ձայնի համար: