Իշխող կուսակցության պատգամավոր Հենզել Մկոյանն անձամբ է վիրավորել ընդդիմության ներկայացուցիչներին. Մելիա

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության Ախալքալաքիի նախընտրական շտաբ են ժամանել ընդդիմության առաջնորդները: Հիշեցնենք, որ ժամեր առաջ շտաբի վրա հարձակում էր տեղի ունեցել։

Ախալքալաքում է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան: Նրա խոսքերով, իշխանությունները սադրանքների են դիմում, սակայն մեղադրում են ընդդիմությանը: Գրում է «Ռուսթավի 2»-ը:

Մելիան ասում է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում միասնական ընդդիմությունն Ախալքալաքիում կաշխատի արտակարգ ռեժիմով:

Ընդդիմության առաջնորդի խոսքերով, նրանք հստակ տեղեկություն ունեն, որ ընդդիմության միասնական թեկնածու Գրիգոլ Վաշաձեի թիմակիցների վրա հարձակվել են իշխող «Վրացական երազանքի» պատգամավոր Հենզել Մկոյանի ընտանիքի անդամներն ու ակտիվիստները:

«Վրացական երազանքի» պատգամավոր Հենզել Մկոյանը, ով այստեղի մաֆիոզն է, անձամբ՝ եղբոր և տղաների հետ, ԿԸՀ-ում վիրավորել է «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցչին: Եվ ռետինե մահակով զինված մոտ 20 հոգի հարձակվել են ընդդիմության գլխավոր գրասենյակի վրա: Հենզել Մկոյանը ոչ միայն գլխավորում էր այս ամենը, այլև անձամբ մասնակցում», — ասում է Մելիան:

Հիշեցնենք, Ժամեր առաջ Ախալքալաքիում հարձակվել են նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի նախընտրական շտաբի անդամների վրա ու ծեծի ենթարկել: