Ընտրությունները վճռորոշ են լինելու. նախագահ

Ընտրությունները վճռորոշ են ոչ թե «երազանքից» (նկատի ունի իշխող «Վրացական երազանքին»- հեղ.), այլ՝ վրացական մղձավանջից ազատվելու համար, վրաստանյան formulanews-ի փոխանցմամբ՝ France 24-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Ըստ նախագահի՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կորոշեն Վրաստանի եվրոպական ապագան: Նախագահի խոսքով, հենց եվրոպական ապագան է պատճառը, որ Վրաստանի բնակչությունն այդքան մոտիվացված է, դրա համար էլ երիտասարդները փողոցում են. «Նրանք գիտեն, որ իրենց եվրոպական ապագան հարցականի տակ է։ Վրաստանը զգույշ է այս ապագայի նկատմամբ, դա իր հեռանկարն է, այդ ճանապարհով անշեղորեն գնում է անկախության հռչակումից…»:

Նախագահն ընդգծել է՝ վրաց ժողովուրդը չի հանձնվի, և գալիք ընտրությունները ցույց կտան, որ Վրաստանն իր եվրոպական ուղու վրա է, մնում է եվրոպական ճամբարում՝ չնայած Վրաստանի կառավարությանը որպես զենք օգտագործելու Մոսկվայի բոլոր փորձերին:

«Ընտրությունները վճռորոշ են լինելու ոչ թե երազանքից, այլ վրացական մղձավանջից ազատվելու համար, քանի որ Վրաստանի համար մղձավանջ է այն ամենը, ինչը ճանապարհ չէ դեպի Եվրոպա, դեպի ազատության ու անկախության ամրապնդում»,- ասել է նախագահը:

Ի դեպ, խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։ Խորհրդարան կանցնեն 5 տոկոսի շեմը հաղթահարած ուժերը։

Նշենք, որ երեք օր անընդմեջ վրաց քաղհասարակությունն ու եվրոպական հեռանկարով մտահոգ քաղաքացիները բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացնում Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց՝ ընդդեմ «ռուսական օրենքի»: 

Քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասն օրենքն անվանում է ռուսական՝ պնդելով, որ իշխող կուսակցության նպատակն է սահմանափակել ժողովրդավարության զարգացման ուղղությամբ աշխատող կազմակերպությունների իրավունքները և արգելափակել Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։

Եվրամիությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են վրացական իշխանություններին, որ օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա Վրաստանի՝ դեպի Եվրամիություն առաջընթացի վրա։