Իվանիշվիլիի և Եվտուշենկովի զրույցի ձայնագրությունը՝ նոր քաղաքական քննարկման առիթ

Ապրիլի 25-ին YouTube հարթակում աուդիո ձայնագրություն է տարածվել, ըստ որի՝ իբր զրուցել են Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին և ռուս միլիարդատեր, «Սիստեմ» կորպորացիայի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը։

Ըստ ձայնագրության, որի իսկությունը պարզված չէ, Եվտուշենկովի ներկայացուցիչը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Ձայնագրությունները youtube-ում տեղադրվել են cyberkmara-ի կողմից: Ավելի վաղ նույն ալիքով տեղադրվել էր ձայնագրություն, որում Իվանիշվիլին շնորհավորել էր Եվտուշենկովի ծննդյան օրվա առթիվ, սրա իսկությունը նույնպես չի պարզվել:

Ըստ նոր ձայնագրության, որը վերբեռնվել է 2022 թվականի մարտի 25-ին, երկու խոսակցություն է տեղի ունեցել, ենթադրաբար, Բիձինա Իվանիշվիլիի և Վլադիմիր Եվտուշենկովի միջև։ Առաջին խոսակցությունը տեղի է ունեցել մարտի 10-ին. Եվտուշենկովն իբր Իվանիշվիլիին ասել է, որ ինքը գաղափար ունի, որը կբերի «Դավիթը»։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապաուշվիլին, խոսելով ձայնագրության մասին, ասել է, որ շինծու են լուրերն այն մասին, թե Իվանիշվիլին և ռուս միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովը խոսել են։

Ըստ Պապուաշվիլիի՝ ձայնագրությունների հրապարակումը ծառայում է երկրում անկարգություններ հրահրելու և երկիրը պատերազմի մեջ ներքաշելու համար.

«Միակ բանը, որ հաստատում է այս արշավը, այն է, ինչի մասին մենք երկար ժամանակ խոսում ենք՝ ապատեղեկատվական արշավ Վրաստանի դեմ՝ երկրում անկարգություններ առաջացնելու, Վրաստանը պատերազմի մեջ ներքաշելու նպատակով»:

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ «ոչ ոք չգիտի՝ դա իրական է, թե ոչ, և եթե նույնիսկ իրական է, ապա այստեղ ոչ մի բանի մասին չի խոսվում, խոսվում է ինչ-որ առևտրային հարաբերությունների մասին»:

Ըստ Կոբախիձեի՝ Վրաստանի հայտարարած դիրքորոշումը՝ Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների պահպանումն է։

«Սա մեր հայտարարած դիրքորոշումն է, և դրանում ոչ մի անօրինական բան չկա, և մենք որևէ այլ սկզբունքների չենք հակասում։ Բացի այդ, ապրանքը ներմուծվում է տեղական սպառման և առանց վերավաճառքի նպատակով։ Սա է պատճառը, որ մենք չմիացանք պատժամիջոցներին»,- ասել է Կոբախիձեն։

Նրա խոսքով, երկու գործարարների զրույցի մեջ ոչ մի զարմանալի բան չկա.

«Սա առևտրային հարաբերությունների մասին է։ Երբ երկու գործարար իրար հետ խոսում են նույնիսկ առևտրային հարաբերությունների մասին, դրանում զարմանալի բան կա՞»:

Կարդացեք նաև՝ 

Ուկրաինացի պատգամավորը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Իվանիշվիլիի նկատմամբ