ՌԴ քաղաքացիներից ոմանք երկար ժամանակով են տեղափոխվել Վրաստան. TI

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի (TI)` «Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից. Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ազդեցությունը» հետազոտության  համաձայն, Ռուսաստանի քաղաքացիների մի մասը տեղափոխվել է Վրաստան՝ երկար ժամանակ ապրելու և բիզնեսով զբաղվելու համար:

Ըստ TI-ի՝ այս տարվա մարտ-սեպտեմբեր ամիսներին Վրաստանում գրանցվել է մոտ 9 500 ռուսական ընկերություն, ինչը 10 անգամ ավելի է 2021 թվականի ամբողջական ցուցանիշից։ Ընդհանուր առմամբ, Վրաստանում գրանցված է 17 հազար ռուսական ընկերություն, որոնց կեսից ավելին գրանցվել է Ուկրաինայի պատերազմից հետո. մարտ ամսից գրանցված ընկերությունների 97 տոկոսը անհատ ​​ձեռնարկություն է։

TI-ն համեմատության համար նշել է, որ 2021 թվականին գրանցված ռուսական ընկերությունների մեջ անհատ ձեռնարկությունների մասնաբաժինը կազմել է 51 տոկոս. անհատ ձեռնարկատերերի 99 տոկոսը վրացական ազգանուն չունի:

Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին գրանցվել է 193 ռուսական ընկերություն, իսկ մարտին՝ 2 150 ընկերություն, ապրիլ-սեպտեմբեր ամիսներին ամսական միջինը 1 226 ռուսական ընկերություն է գրանցվել։

Հետազոտության մեջ նշված է, որ Վրաստանում ռուսական խոշոր ընկերությունները հիմնականում բիզնես են անում իրենց դուստր ձեռնարկությունների միջոցով։ Վրաստանում միջին և փոքր ռուսական ընկերությունները հիմնականում հիմնել են Ռուսաստանի քաղաքացիները։ Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների ստեղծած ընկերություններից մի քանիսը գրանցված են վրացական ազգանունով անձանց կողմից, որոնք ունեն միայն ռուսական կամ վրաց-ռուսական երկքաղաքացիություն։

«Ուսումնասիրելով Վրաստանի բիզնես ռեգիստրի տվյալների բազաները՝ մենք փնտրել ենք այն ընկերությունները, որոնց բաժնետոմսերի լրիվ կամ մասնակի սեփականատերերը Ռուսաստանի իրավաբանական կամ ֆիզիկական անձինք (քաղաքացիներ) են։ Մենք նման ընկերություններն անվանում ենք ռուսական ընկերություններ։ Այնուամենայնիվ, սա կարող է ամբողջական ցանկ չլինել, քանի որ Վրաստանում գրանցված ընկերությունը կարող է պատկանել ռուս իրավաբանական կամ ֆիզիկական անձանց՝ այլ երկրում գտնվող ընկերության միջոցով: Նաև հաճախակի են լինում դեպքեր, երբ Վրաստանում գրանցված ընկերության սեփականատերը գրանցված է օֆշորում, ինչը դժվարացնում է ընկերության իրական սեփականատերերի որոշակիացումը»,- նշված է հետազոտության մեջ։