Վրաստանը Թեհրանում կմասնակցի գազի տարանցման վերաբերյալ քառակողմ հանդիպմանը

Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչները գազի հարցով ապրիլին կհանդիպեն Թեհրանում: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, գրում է վրացական «Սպուտնիկը»՝ հղվելով «Սպուտնիկ Արմենիայի» տեղեկատվության վրա։

Կարապետյանի խոսքերով, Հայաստանն իրանական կողմից առաջարկ է ստացել՝ էլեկտրաէներգիայի և գազի տարանցման հարցով Թեհրանում համագործակցություն ծավալել Վրաստանի և Ռուսաստանի հետ։ Նրա խոսքով պայմանավորվածություն կա ապրիլին Թեհրանում քառակողմ` Հայաստան, Ռուսաստան, Վրաստան և Իրան հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։

Նշվում է, որ Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում փետրվարի 27-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահ Հասան Ռոուհանին քննարկել են մի շարք կարևոր հարցեր։ Իրանի առաջնորդը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին մատակարարվող գազի ծավալը մեծացնելու, ինչպես նաև Հայաստանի տարածքով Վրաստան գազ տարհանելու հարցի կարգավորման ուղղությամբ: