Սոցիալապես անապահովների բազայում 379 հազար 957 երեխա կա

«2025 թվականի տվյալներով՝ «Սոցիալապես անապահով ընտանիքների միասնական բազայում» գրանցված է 379 հազար 957 երեխա, որոնցից 23 հազար 322-ը գրանցվել են առաջին անգամ»,- ասված է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի (Օմբուդսմենի) զեկույցում, որը վերաբերում է երկրում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակին։

Մարդու իրավունքների պաշտպանի տեղեկացմամբ՝ հաշվետու տարում գոյության նպաստ ստացող երեխաների թիվը կազմել է 278 հազար 639, իսկ նշված օգնությունն առաջին անգամ ստացողների ցուցանիշը՝ 12 հազար 868։

Հատկանշական է, որ բազայում գրանցված է 186 հազար 163 ընտանիք, որտեղ առնվազն մեկ երեխա է ապրում, իսկ գոյության նպաստ ստանում է 129 հազար 329 ընտանիք։

«2025 թվականին «Ճգնաժամային իրավիճակում գտնվող երեխաներ ունեցող ընտանիքների անհապաղ օգնության» ենթածրագրում ներգրավվել է 5875 ընտանիք, ինչը զգալիորեն գերազանցում է նախորդ տարի այս ծառայությունից օգտվող ընտանիքների թիվը։

Ընդ որում, չնայած ենթածրագիրն իր բնույթով արձագանքող է, սակայն չի կարողանում ապահովել արդեն իսկ ստեղծված ճգնաժամի արդյունավետ հաղթահարումը։
Ուսումնասիրված գործերը կրկին մատնանշում են, որ թեև ինչպես կենտրոնական, այնպես էլ տեղական իշխանություններն ապահովում են երեխաներ ունեցող ընտանիքների ներգրավումը համապատասխան ծառայություններում, սակայն հիշատակված ծրագրերը չեն կարողանում, ընտանիքների կարիքներին զուգահեռ, ապահովել նրանց երկարաժամկետ հզորացումը, աջակցությունն ու անկախ գործունեության խթանումը»,- կարդում ենք Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում։

Զեկույցում ընդգծված է, որ կենսաբանական ընտանիքում երեխայի դաստիարակությանն աջակցող կարևորագույն ծառայություններից մեկի՝ «Մոր և մանկան կացարանով ապահովման ենթածրագրի» շրջանակներում գործում է 7 կացարան, որոնց ծառայություններից անցյալ տարի օգտվել է 75 չափահաս և երկու անչափահաս մայր, նաև 139 երեխա։