Անվճար ֆակուլտետները «1+4» ծրագրի ուսանողների համար անվճար չեն

Վրաստանում 2022-2023 ուսումնական տարվա համար արդեն հաստատվել և հրապարակվել են պետականորեն ամբողջությամբ ֆինանսավորվող կրթական ծրագրերը (այսպես կոչված՝ անվճար ֆակուլտետները), սակայն, ինչպես անցյալ տարիներին, այս տարի ևս ֆինանսավորվող ծրագրերը «1+4» ծրագրի ուսանողներին չեն վերաբերում։

Ամեն տարի Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը կազմում է անվճար ֆակուլտետների ցանկ, որտեղ ընդունվելու դեպքում ուսանողն ուսումնառության ողջ ընթացքում սովորում է անվճար։ Էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» ծրագրով, առանց կրթական դրամաշնորհի ընդունված ուսանողները նման ֆակուլտետներում պարտավոր են սովորել վճարովի համակարգում։

«2013 թվականին Վրաստանի կրթության և գիտության նախարարության ընդունած կանոնի համաձայն, «1+4» ծրագրով ընդունված ուսանողները չեն կարող անվճար սովորել նշված ցանկի ֆակուլտետներում, ինչը, իմ կարծիքով, խոչընդոտ է էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված ծրագրով համալսարան ընդունվող ուսանողների համար», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է Սոցիալական արդարադատության կենտրոնի ներկայացուցիչ Տիգրան Թարզյանը։

Թարզյանի խոսքով` սա ստեղծում է անհավասար վիճակ, որի պատճառով շատ մասնագետների դեֆիցիտ է առաջանում։

«Այս կանոնը հարուցում է բազմաթիվ խնդիրներ. նախ` սկսենք այնտեղից, որ անվճար ֆակուլտետներ են սահմանվում այն ծրագրերը, որոնց պահանջարկ կա երկրում, և որոնք մեծ տարածում չունեն. օրինակ` անասնաբուժությունը, որի պահանջարկն էթնիկ փոքրամասնություններով բնակեցված Սամցխե-Ջավախեթիում առկա է։

Եթե նայենք ուսանողի տեսանկյունից, ապա ամեն դեպքում նա պետք է տարեկան վճարի 2250 լարի  ուսման վարձ, այսուհանդերձ` ընտրում է ավելի բարձր վարձատրվող, ավելի տարածված մասնագիտություն, ինչպիսիք են` իրավաբանությունը, տնտեսագիտությունը և այլն», — նկատում է նա։

Թարզյանը նշում է, որ բազմիցս փորձել և փորձում է բարձրաձայնել այս հարցը տարբեր հարթակներում, սակայն անհրաժեշտ է միահամուռ ուժերով պայքարել այս կանոնը փոխելու համար․

«եթե քննարկենք այն կարծիքը, որ «1+4» ծրագրով ավելի հեշտ է ընդունվել, ապա հատկանշական է, որ այս դեպքում ուսանողը մեկ տարի ավելի է սովորում։ Եթե մյուս ուսանողը 4 տարում է ավարտում բակալավրիատը, ապա վերջինս` 5 տարում։

Ես հաճախ եմ անդրադառնում այս հարցին տարբեր հանդիպումների, ժողովների և հարցազրույցների ժամանակ, գրել եմ նաև այս խնդրի մասին իմ բլոգում, բայց բոլորիս համախմբվածությունն է հարկավոր այս հարցի առնչությամբ»։

Արմինե Հարությունյանը, որ սովորում է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում՝ վրաց բանասիրության բաժնում, նշում է, որ իր կուրսեցիներից միայն ինքն է ուսման վարձ վճարում։

«Ընդունվել եմ «1+4» ծրագրով, շատ քիչ միավոր էր պակասում դրամաշնորհ ստանալու համար, այդ պատճառով շատ վատ վիճակում էի հայտնվել։ Այսուհանդերձ, սիրում էի վրաց լեզուն և ուզում էի այս թեքումն ընտրել ու դառնալ վրաց լեզվի ուսուցչուհի, նաև իմ ներդրումն ունենալով էթնիկ փոքրամասնությունների պետական լեզվին տիրապետելու գործում։

Երբ ավարտեցի նախապատրաստական կուրսն ու ընդունվեցի առաջին կուրս, պարզ դարձավ, որ միայն ես եմ ուսման վարձ վճարում, մյուս կուրսեցիներիս պետությունը կամ հիմնադրամներն էին ֆինանասավորում. կարծում եմ, պետության նման մոտեցումը շատ անարդարացի է», — ասում է ուսանողուհին։

Հարությունյանը սխալ է համարում տարածված կարծիքը, թե առանց դրա էլ հեշտ են ընդունվում, մյուս ծրագրերից օգտվելու անհրաժեշտություն չկա։

«Երբ խոսում եմ սրա մասին, հաճախ են հակադարձում, որ առանց դրա էլ մեկ քննությունով ենք ընդունվում, մյուս ծրագրերից, այդ թվում` այս ծրագրից էլ թող չօգտվենք։ Իսկ մեր պահանջն այն չէ, որ բոլոր մասնագիտությունները դառնան անվճար, այլ այն, որ անվճար ֆակուլտետներում սովորող բոլոր ուսանողները հավասարապես ազատվեն ուսման վարձը վճարելուց», — ընդգծում է Արմինեն։