Վրաստանի հայոց լեզվի ուսուցիչները՝ առարկայական քննության մասին

Այս տարի Վրաստանի ոչ վրացալեզու դպրոցների «Հայոց լեզու և գրականություն» ու «Ադրբեջաներեն լեզու և գրականություն» առարկա դասավանդող ուսուցիչները և ուսուցչի թեկնածուներն առաջին անգամ հնարավորություն ստացան մասնակցել ուսուցիչների քննություններին և բարձրացնել կարգավիճակը:

Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնն արդեն հրապարակել է քննությունների արդյունքները: Հայալեզու դպրոցների «Հայոց լեզու և գրականություն» դասավանդող ուսուցիչների մի մասը գոհ է, մի մասը դժգոհ քննությունների արդյունքներից. պատճառները տարբեր են:

Նինոծմինդայի մունիցիպալիտետից Սվետլանա Սիմոնյանը, ով առարկայական քննությունից հավաքել է 53 միավոր «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ առաջին հայացքից թեստերը շատ դյուրին էին թվում, բայց ընթացքում հասկացել է, որ ժամանակի մեջ չի տեղավորվում. բաց հարցեր էին հիմնականում, 4 ժամում այդ ծավալի աշխատանքն ամփոփելը դժվար էր.

«Ասինքն՝ բավարար չէր ժամանակը՝ ավելի խորը մտածելու ու տրամաբանելու համար, չնայած, որ հաջողությամբ եմ հաղթահարել անցողիկ շեմը։ Դպրոցական ծրագրերին քննությունը համապատասխան էր, ընդգրկված էր նաև դասավանդման մեթոդիկա, ինչը ևս կարևոր է, որպեսզի դասավանդող ուսուցիչը տիրապետի»:

Սիմոնյանի խոսքով՝ թեստերն ընդհանուր առմամբ արդյունավետ էին կազմված, եթե առարկայի մասնագետ է, ապա հեշտությամբ հաղթահարելի էր քննությունը:

«Բացասական ասպեկտ չեմ կարող շեշտել, քանի որ սա մեզ համար շատ սպասված քննություն էր, մենք տարիներով պայքարում էինք, որպեսզի հայերենի տեղն ու դերը ևս գնահատված լիներ Վրաստանի հայ դպրոցներում և ի վերջո սա հնարավորություն էր, հենց մեր մասնագիտությամբ, բարձրացնել մեր կարգավիճակը»,- ասում է Սիմոնյանը:

Մառնեուլիի շրջանի Դամիա գյուղի հանրակրթական դպրոցի մաթեմատիկա առարկայից ավագ ուսուցչուհի Աննա Դարբինյանը, ով «Հայոց լեզու և գրականություն» առարկայից 52 միավոր է ստացել՝ կարծում է, որ քննական թեստի միակ բարդությունը մեկ նախադասությամբ քերականական որոշակի կանոնի հստակ ձևակերպումն էր։

Ըստ նրա՝ թեստը համապատասխանում էր դպրոցական ծրագրին:

«Կարծում եմ, բավականին լավ, հասկանալի հարցադրումներով թեստ էր կազմված (ի տարբերություն այլ առարկայական քննությունների) և ոչինչ էլ չէի փոխի այդ թեստում։ Քննության դրական կողմն այն էր, որ հայոց լեզվի ուսուցիչներին տրվեց կարգավիճակը բարձրացնելու հնարավորություն։ Բացասական կողմն այն էր, որ քննության թեստերի վերաբերյալ որոշակի անորոշություն կար»,- ասում է Դարբինյանը:

Մառնեուլիի մունիցիպալիտետի Կարմիգյուղի դպրոցի ուսուցչուհի Լարիսա Գուլյանը, ով 42 միավոր է ստացել, «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ հարցաշարը շատ լավ էր ձևակերպված, բացի այդ, այն պարունակում էր մասնագիտական հմտություններ, ինչը շատ ճիշտ մոտեցում է:

Գուլյանը վստահեցնում է, որ անգամ տարրական դասարանների «Մայրենի» դասավանդող ուսուցիչները կարող են գրանցվել և առանց դժվարության հաղթահարել քննությունը:

Նրա խոսքով, բարդություններից էր տարբերակային լուծումներով վարժությունը, որի պատասխանները շատ մոտ էին միմյանց, ինչը կասկածի տեղիք էր տալիս ճիշտ տարբերակի հարցում:

«Այդ թվում մինչև քննությունը եղած վերապատրաստման դասընթացները ամբողջությամբ ոչ, բայց որոշակի տեղեկություն և օգնություն տվել են քննության պատրաստվելու գործընթացում»,- ասում է Գուլյանը:

Նշենք, որ «Հայոց լեզու և գրականություն» առարկայի առավելագույն միավորը 70 էր: Ուսուցիչ դառնալ ցանկացողները պետք է հավաքեին դրա 61 տոկոսը, այսինքն 43 միավոր՝ 10 կրեդիտ-միավոր, որպեսզի քննությունը համարվեր հաջողությամբ անցած:

Իսկ այն ուսուցիչները, ովքեր ունեն պրակտիկոս (գործող) ուսուցչի կարգավիճակ քննության անցողիկ շեմը 1 կրեդիտ-միավորն է:

Կրեդիտները բաշխվում են հետևյալ կերպ.

  • 22-27՝ 1 կրեդիտ-միավոր,
  • 28-34՝ 4 կրեդիտ-միավոր,
  • 35-42՝ 7 կրեդիտ-միավոր,
  • 43 և ավել՝ 10 կրեդիտ-միավոր: