Վրաստանում 4000 քաղաքացի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ չորրորդ չափաբաժնով

Վրաստանում արդեն մոտ 4000 մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի լրացուցիչ՝ չորրորդ չափաբաժինը։ Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն։

Վրաստանի Իմունականխարգելման խորհուրդը որոշում էր կայացրել 50-ն անց քաղաքացիներին պատվաստել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորրորդ դեղաչափով, այսինքն՝ երկրորդ խթանիչ դոզայով։

«Քրոնիկական հիվանդություններ ունեցող 12 տարեկանից բարձր տարիքի քաղաքացիները նույնպես կարող են ընդունել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորրորդ չափաբաժինը», — ասել է Գամկղրելիձեն:

Վերջին տվյալներով՝ Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 2 մլն 877 հազար 150 պատվաստում, որից 2 դեղաչափով պատվաստվել է 1 մլն 262 հազար 481 մարդ, իսկ խթանիչ դեղաչափով՝ 246 341 մարդ: