Ռուսական բուհեր ընդունվելու համար Վրաստանից մոտ 100 հայտ է ներկայացվել

2024-2025 ուսումնական տարվա համար Ռուսաստանի բուհերում դաշնային բյուջեից ֆինանսավորվող քվոտայով ընդունվելու համար Վրաստանից մոտ 100 դիմորդ է դիմել։ Տեղեկությունը տարածում է bm.ge գործակալությունը՝ վկայակոչելով ռուսական TASS-ին:

Ըստ տեղեկատվության՝ դեռ 100 տեղ թափուր է: Վրաստանից դիմորդներին առաջարկում են ընտրություն կատարել ռուսական ցանկացած բուհի միջև։

Վրացի դիմորդները հիմնականում ընտրում են Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի համալսարանները, թեև պահանջարկ կա Կազանի, Կրասնոդարի, Աստրախանի, Վոլգոգրադի, Վորոնեժի և Նովոսիբիրսկի համալսարանների համար։ Գործակալության փոխանցմամբ՝ վրացի դիմորդների մասնագիտությունների թոփ շարքում է բժշկությունը, լեզվաբանությունը, ՏՏ մասնագիտությունները, իրավագիտությունը, տնտեսագիտությունը, ճարտարագիտությունը, գյուղատնտեսական գիտությունները և ճարտարապետությունը: