Էկոնոմիկայի նախարարը մեկնում է ԱՄՆ

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին մայիսի 9-11-ը աշխատանքային այցով կլինի ԱՄՆ-ում։ Տեղեկությունը տարածում է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։

Այցի շրջանակներում նախարարը հանդիպումներ կունենա ԱՄՆ կառավարության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ:

Նշվում է, որ Դավիթաշվիլին կհանդիպի ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցիչ Քեթրին Թայսի, ինչպես նաև բարձր մակարդակի հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ-ի Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայում։

Ըստ տեղեկության՝ Դավիթաշվիլին հանդիպումներ կունենա նաև ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ կքննարկվի երկու երկրների համագործակցությունը քաղաքական առաջնահերթ խնդիրների վերաբերյալ:

«Այցը ներառում է նաև Լևան Դավիթաշվիլիի հանդիպումները ԱՄՆ մասնավոր հատվածի ներկայացուցիչների, այդ թվում՝ վրաց-ամերիկյան գործարար խորհրդի անդամ ընկերությունների հետ՝ քննարկելու Վրաստանի տնտեսական միտումները և ԱՄՆ-Վրաստան տնտեսական հարաբերությունների արդի հարցերի լայն շրջանակ։ Նախատեսված են նաև հանդիպումներ ԱՄՆ արտահանման-ներմուծման բանկի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ», — ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: