Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքն (ALDE) արձագանքել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Էլենե Խոշտարիայի նկատմամբ կայացված ազատազրկման դատավճռին։ Նրանց գնահատմամբ՝ 1,5 տարի ազատազրկումն անհամաչափ պատիժ է։
«Մենք դատապարտում ենք «Դրոա»-ի առաջնորդ Էլենե Խոշտարիայի դեմ կայացված 1,5 տարվա դատավճիռը. դա լիովին անհամաչափ է Էլենեի «հանցանքին»՝ խոսքի ազատության իրավունքին և Վրաստանին լուսավոր, պրոեվրոպական ապագայի ցանկությանը։ Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրան. Էլենեի և դեմոկրատական ընդդիմության առաջնորդների ու ակտիվիստների դեմ բոլոր քաղաքական դրդապատճառներով մեղադրանքները պետք է դադարեցվեն, իսկ թիրախային պատժամիջոցները պետք է խորացվեն։ Վրացինե՛ր, դուք մենակ չեք»,- ասված է ALDE-ի հայտարարության մեջ։
Այսօր՝ մարտի 24-ին, դատավոր Գիորգի Արեւաձեն ընդդիմադիր քաղաքական գործիչ Էլենե Խոշտարիային դատապարտեց 1,5 տարի ազատազրկման։ Դատախազությունը նրան մեղադրում էր ուրիշի գույքը վնասելու համար։ Խոսքը Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի նախընտրական պաստառի մասին է, որի վրա Խոշտարիան գրել էր՝ «Ռուսական երազանք»։
Էլենե Խոշտարիան այդ գրությունը պաստառի վրա արել էր ի համերաշխություն 23-ամյա ուսանողուհի Մեգի Դիասամիձեի։