Ռեգբիի միությունը հաստատել է հակադոպինգային կանոնների խախտման փաստը

Վրաստանի ռեգբիի միությունը երկու շաբաթ ուշացումով հաստատել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության տարածած եզրակացությունը, ըստ որի՝ վրացի ռեգբիստների մոտ հաստատվել է հակադոպինգային կանոնների խախտում։

«Մենք լիովին համամիտ ենք հարցի լրջությանը…

Նրանցից ստացել ենք խիստ հրահանգ, որ հետաքննությունը վարվի լիարժեք, անաչառ և սահմանված կանոնների պահպանմամբ. մինչև գործընթացի ավարտը ձեռնպահ կմնանք հանրային մեկնաբանություններից և մանրամասների հրապարակումից։ Հենց այս արձանագրության պահպանմամբ էր պայմանավորված այն փաստը, որ մինչ այժմ մեկնաբանություն չէինք արել»,- ասված է Ռեգբիի միության հայտարարության մեջ։

Ի՞նչ է ասել Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA):

Համաշխարհային հակադոպինգային գործակալության և World Rugby-ի համատեղ հետաքննության արդյունքում պարզվել է, որ Վրաստանի ռեգբիի ազգային հավաքականի 6 խաղացող և մարզիկների օժանդակ անձնակազմի 1 անդամ խախտել են հակադոպինգային կանոնները։

Մարտի 13-ին տարածված հայտարարության մեջ նշված է, որ դրա պատճառով Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը կորցրել է վստահությունը Վրաստանի հակադոպինգային գործակալության (GADA) նկատմամբ։

«Գիտակցում ենք, որ նշված փաստերը լուրջ հարված են հասցնում վրացական ռեգբիի հեղինակությանը։ Մենք սկսել ենք ինտենսիվ աշխատել և ձեռնարկել ենք խիստ միջոցառումներ նմանատիպ դեպքերի կանխարգելման համար։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի ռեգբիում նման միջադեպեր այլևս չկրկնվեն»,- հայտարարել է Վրաստանի ռեգբիի միությունը։