Էլենե Խոշտարիան դատապարտվեց 1 տարի 6 ամիս ազատազրկման

Դատարանը «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդ Էլենե Խոշտարիային դատապարտեց 1 տարի և 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Որոշումը հրապարակել է դատավոր Գիորգի Արեւաձեն, իսկ ինքը՝ Խոշտարիան, ներկա չի եղել։

Հիշեցնենք, կոալիցիայի առաջնորդը ձերբակալվել էր 2025 թվականի սեպտեմբերի 15-ին։ Գործը վերաբերում է սեպտեմբերի 14-ին տեղի ունեցածին, երբ մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի նախընտրական շտաբի մոտ գտնվող նրա պաստառի վրա ավելացվել էին «Ռուսական երազանք» և «Կալաձեն ռուս է» գրությունները։ Նշված տեսանյութը Խոշտարիան ինքն էր տարածել սոցիալական ցանցում և պարզաբանել, որ այդկերպ համերաշխություն է հայտնում քաղաքացիական ակտիվիստ Մեգի Դիասամիձեին, որը ձերբակալվել էր նմանատիպ մեղադրանքով և հետագայում ազատ էր արձակվել գրավի դիմաց։

Էլենե Խոշտարիային մեղադրանք էր առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի առաջին մասով` ուրիշի գույքի վնասում, որը նախատեսում է մեկից հինգ տարի ժամկետով ազատազրկում։

Գործի շրջանակներում Խոշտարիայի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանվել էր 5000 լարի գրավը։ Խոշտարիան հրաժարվել էր վճարել գրավը։