Երբ ունես ծով, մնացածը բնությունն է կարգավորում

Երևանի հուլիսյան տապը մխրճվել է Երևան֊Բաթում գնացքի մեջ ու թիկնել։ Հավանաբար նա էլ է ծովափնյա հանգստի սիրահար։ Գնացքի ուղեկցորդուհին վստահեցնում է՝ հենց գնացքը թափ հավաքի, օդափոխիչները կմիանան ու հով կլինի։ Դատելով չնահանջող տապից, փաստորեն գնացքն այդպես էլ թափ չհավաքեց։

Թեև համեմատաբար առավել թանկ հաճույք է գնացքը, խոստովանել է պետք` հարմար տրանսպորտ է: Կարող ես քայլել ցանկության դեպքում, քնել, սնվել և, որ ինձ համար ամենակարևորն է, ապահով է։

Ապահովությունդ մի քիչ էլ ամրապնդվում է, երբ կողքի կուպեում իշխանության կարկառուն ներկայացուցիչներից է։ Փաստորեն ինչքա՜ն ապահով տրանսպորտ է գնացքը, որ մեծ կարողությունների տեր այս մարդը նույնպես ընտրել է այս փոխադրամիջոցը։ Մյուս կողմից էլ կասկածելի է թվում նրա այստեղ գտնվելը, տեսնես ինչո՞ւ է որոշել Բաթում գնալ, այն էլ գնացքով։ Դժվար է լինել իշխանությունում, ամեն դեպքում թիրախում ես մնում։

20170802_072749Գնացքի 10-ից ավելի վագոնները լիքն են։ Երևան֊Բաթում գնացքն, ըստ ուղեկցորդների՝ ամեն օր այսպես ծանրաբեռնված է աշխատում։ Երևանից հարևան Վրաստանի շուրջ 600 կմ հեռավորության վրա գտնվող ծովափնյա հանգստավայրեր նաև ամեն օր ավտոբուսներ են մեկնում, անհատների մասին էլ չեմ խոսում։ Ուրախացնում է, որ շուրջ 30 տոկոս աղքատություն ունեցող Հայաստանի բնակիչների մի մասը գոնե մի քանի օրով կարողանում է ծովափնյա հանգիստ ունենալ։ Իհարկե, այնպես չէ, որ ընդունված միֆի համաձայն Վրաստանում ամեն բան ջրի գին ունի, սակայն Հայաստանի հանգստավայրերի համեմատ, միանշանակ, այստեղ կարելի է առավել ցածր գնով կազմակերպել հանգիստը, հատկապես, հաշվի առնելով, ծովային օդն ու այլ երկիր տեսնելու հնարավորությունը։

Գնացքում տոթը շարունակում է իրենը թելադրել, հոգնածությունից ծանրացած աչքերս՝ իրենցը ու կարճ ժամանակ անց հաղթական փակվում են։ Գնացքը ժամը մեկ կանգնում է մի քանի րոպեով ու այդ կանգառները չգիտես ինչու լինում են հենց այն պահին, երբ գրեթե պետք է վերջապես թափ հավաքեր ու միացվեր խոստացված օդափոխության համակարգը, իսկ ամեն կանգառն ու շարժը զգում են նստարանին հենած մեջքիդ ողերը։

20170802_012213Երևանյան տապն առավոտյան իջնում ու տեղը զիջում է սևծովյան խոնավությանը։ Անտառների մեջ բազմած ամպերը ծուլորեն լուսաբաց են ավետում ու գուժում անձրևոտ եղանակի մասին։

֊40 րոպեից Ուրեկի իջնողները պատրաստ լինեն,֊գնացքի ուղեկցորդուհին հերթով կուպեներով անցնելով զգուշացնում է, հետո հերթը հասնում է Քոբուլեթի և Բաթում իջնողներին։

Րոպեներ անց գնացքն ուժեղ հրումով կրկին կանգնում է։ 16 ժամ անց դժվարությամբ իջնում ենք գնացքից, ու կարծես հենց մեզ հակառակ, դեմ դիմաց կանգնած է Բաթում֊Թբիլիսի արագընթաց ու հարմարավետ գնացքը։

Չեմ սիրում Հայաստան֊Վրաստան անծայր համեմատությունների շարքը, հավանաբար ինքնապաշտպանական հակազդեցություն է, քանի որ, որքան էլ ցավալի է խոստովանել, բայց հայրենիքս շատ դեպքերում զիջող է մնում։ Ու որքան էլ փորձենք արդարացնել` պատերազմի մեջ ենք, ծով չունենք և այլն, միևնույն է, մենք հո՞ գիտենք` էդ ամենից զատ մեզ ներսից քրքրում են հաճախ պատերազմին չզիջող այլ արհավիրքներ էլ։

Ինչևէ, վերցնում ենք ճամպրուկներն ու առաջին իսկ պատահած վարորդի հետ բանակցում դեպի Գոնյո ուղեվարձի համար։ 25 լարիից իջնում է 15֊ի: Վատ չէ, մտածում եմ, մոտ 17 կմ պետք է անցնի։

Փաստորեն այստեղ ոչ միայն գնացքներն են արագընթաց, այլև մեքենաներն էլ։ Չնայած մառախլապատ եղանակին, վաղ առավոտից մեքենաներն այնքան արագ են սլանում, որ չես էլ հասցնում քաղաքի լուսաբացին հետևել։ Վարորդը ջանասիրաբար փորձում է մեքենայի խամրած ապակիները մաքրել` հայրենի քաղաքի ողջ հմայքն ի ցույց դնելու համար։ Պատմում է, որ վերջին տարիներին է քաղաքն այսքան գեղեցկացել ու ակտիվացել։ Իսկապես, վեց տարի առաջ էի եղել Բաթումում ու թեև այն ժամանակ էլ պակաս գրավիչ չէր` այս անգամ եւս փոփոխությունն ակնհայտ էր։ Բաթումը Վրաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է, ինչպես Գյումրին Հայաստանում․․․ Սոցիալական բեռի տակ կքած Գյումրին, որ արդեն շուրջ երեք տասնամյակ գոնե արտաքնապես չի մոռացնում երկրաշարժի սարսուռը․․․ Գյումրին․․․ այդպես էլ չսպիացող մեր հայրաքաղաքը․․․ չէ, չեմ համեմատում։ Բաթումը ծով ունի, մենք․․․

Վարորդն ասում է՝ ամռանը մեզ ծովն է պահում, ձմռանը՝ կազինոները, որոնց բազմաոճ շինությունները քաղաքին յուրօրինակ տեսք են տալիս։ Ի դեպ՝ ըստ տեղացիների, հյուրանոցների ու կազինոների սեփականատերերը հիմնականում հարևան Թուրքիայից ու Ադրբեջանից են։

20993359_1522134027855768_1561080633_oԱսում են որոշ չափով փոխվել է նաև այստեղ հանգստացողների էթնիկ կազմը։ Եթե նախկինում շատ էին հայերը, ապա վերջին տարիներին հանգստացողների գերակշիռ մասը նաև ռուսներն են։ Հյուրատների տերերից մի քանիսից ճշտեցի, ասում են՝ սիրում են ռուսներին, նրանք ձեռնտու հանգստացողներ են։ Ռուսներն էլ ասում են, թե այստեղի հանգիստը ռուսական ծովափերից առավել ձեռնտու է։ Լավ, իսկ ոչ վաղ անցյալի հակամարտությո՞ւնը, չէ՞ որ ձեր երկրների իշխանությունները խզել են դիվանագիտական հարաբերությունները 2008-ի օգոստոսյան հնգօրյա պատերազմից հետո, դա ձեզ չի՞ վերաբերում։ Հավանաբար չի վերաբերում։ Մարդիկ այլ են, իշխանությունները՝ այլ։ Մարդիկ կարող են սիրել կամ հանդուրժել իրար, իշխանությունները երրորդ կողմ են նրանց հարաբերություններում, գուցե խանդոտ երրորդ կողմ, որ ամեն հարմար առիթ օգտագործում են իրար դեմ լարելու համար։

Կամ ո՞վ գիտի, գուցե ծովից է։ Ծովը պարզեցնում է հարաբերությունները։ Ես իմ երկամյա երեխային սիրով վստահում էի ինչպես հայ, այնպես էլ վրացի, ռուս, ուկրաինացի, լեհ ու նույնիսկ ադրբեջանցի երեխաներին։ Այս «նույնիսկը» մեծ ցավով եմ գրում, սակայն չգրել չեմ կարող։ Մինչ մեր՝ հայ ու ադրբեջանցի երեխաները Վրաստանի ծովեզրում քարերը մի կողմ դնելով փոս էին փորում ու ջուր հանում այնտեղից, մեր երկրների սահմանները շարունակում էին դղրդալ հրազենի կրակոցներից։ Սակայն երեխաներին դա չես բացատրի ու թերեւս իմաստ էլ չունի այս տարիքից այդքան դաժանություն ու ատելություն սերմանել, իսկ իրենք խմբված, նույնիսկ լեզու չհասկանալով, նրանցից մի քանիսն անգամ իրենց մայրենի լեզվով դեռ չեն խոսում, ավելի լավ էին մեկմեկու հասկանում ու ջանասիրաբար շարունակում քարերը մի կողմ դնել՝ իրենց կարևոր նպատակակետին հասնելու համար։ Եվ ո՞վ ենք մենք՝ մեծերս, որ գծենք նրանց շփման եզրերը։

Այո, ծովային օդն ընդարմացնում է, թուլացնում նյարդերը, շփումն է՛լ ավելի դյուրացնում, սակայն սա միայն հանգստացողների համար։ Հյուրատների տերերի համար սա գերլարված շրջան է՝ ոչ միայն հյուրեր ընդունելու և այս մի քանի շաբաթներին ամբողջ տարվա համար գումար վաստակելու առումով, այլև հարկային ստուգումների ու այլ ճնշումներին դիմադրելու մասով։

Ասում են Վրաստանում բիզնես սկսելու, զարգացնելու համար բավական հավակնոտ քայլեր են արվել: Համեմատաբար հեշտ է աշխատանքը նաև հարկային դաշտում, սակայն հուլիսյան վերջին օրերին հյուրատների տերերը տագնապած իրար զգուշացնում են ստուգողների այցերի մասին ու հանգստացողներիս խնդրում ավելորդ խնդիրներից խուսափելու համար չպատասխանել աշխատակիցներին։ Իրենք մանևրելու ձևեր են գտնում, ասում են, եթե հարկերն էլ ինչպես հարկն է վճարեն` իրենց ապրուստի միջոց չի մնա։

Եվ նույնիսկ այս դեպքում, ծովափնյա գոտում գումար աշխատելն անհամեմատ հեշտ է, ինչի մասին է վկայում արդեն մի քանի տարի սեզոնին Հայաստանից Աջարիա արտագնա աշխատանքի գնացողների աճող թվաքանակը, երբ հաճախ հաղորդակցվելու համար լեզու սովորելու անհրաժեշտություն չկա։

Երբ ունես ծով, մնացածը բնությունն է կարգավորում։

Գոհար Աբրահամյան

Թողնել պատասխան