Էր Ռիադում կայացել է Վրաստանի և Սաուդյան Արաբիայի վարչապետների հանդիպումը

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում կայացել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, վարչապետ Մոհամմադ բեն Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդի հանդիպումը։

Ի դեպ, Ղարիբաշվիլին կառավարական պատվիրակության հետ դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով մեկնել է Սաուդյան Արաբիա։

Վրաստանի կառավարության վարչակազմի տվյալներով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, վարչապետները քննարկել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները, կարևորել են Վրաստանի՝ որպես Ասիան և Եվրոպան կապող տարանցիկ հանգույցի և մեծ ներուժ ունեցող տրանսպորտային միջանցքի դերն ու նշանակությունը, նաև Սաուդյան Արաբիայի կողմից Վրաստանի ներուժն ավելի ակտիվ օգտագործելու պատրաստակամություն։

Ղարիբաշվիլիի խոսքով, Վրաստանը Սաուդյան Արաբիայի համար գրավիչ երկիր է ինչպես պետական ​​ներդրումային հիմնադրամների, այնպես էլ մասնավոր բիզնեսի առումով։ Հանդիպումից հետո նա թվիթերում գրել է, որ քննարկել են ընթացիկ տարածաշրջանային ու գլոբալ մարտահրավերները և ընդհանուր շահերի համատեքստում գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Վրացական պատվիրակության անդամ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի տեղեկություններով, վարչապետների որոշմամբ կստեղծվեն համատեղ աշխատանքային խմբեր տարբեր ոլորտներում և տարեկան երկու անգամ զեկույցներ կներկայացվեն անմիջապես վարչապետներին։