Քվեմո Քարթլիի նահանգապետը հանդիպել է Ադրբեջանի վարչապետին

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխթուրիշվիլին հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին։ Տեղեկությունը տարածում է Քվեմո Քարթլիի ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ Դոխթուրիշվիլին հանդիպել է նաև Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեի հետ։

«Այցի շրջանակներում խոսեցինք Քվեմո Քարթլիի շրջանի և Ադրբեջանի քաղաքների միջև առկա հարաբերությունների, ռազմավարական համագործակցության հիմնական ուղղությունների և բարեկամության հարցերի մասին:

Մենք բարեկամության և համագործակցության երկար պատմություն ունենք։ Քվեմո Քարթլիի շրջանի բնակչության մի մասը էթնիկ ադրբեջանցի է։ Այդ իսկ պատճառով տարածաշրջանի զարգացման համար կարևոր են ոլորտային կապերի ընդլայնումը, ապագա փոխգործակցությունը և սերտ, բարեկամական հարաբերությունների խորացումը։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին հյուրընկալության համար»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ:

Դոխթուրիշվիլին հույս է հայտնել, որ էլ ավելի կխթանվի տարածաշրջանի և Ադրբեջանի քաղաքների արդյունավետ համագործակցությունը տնտեսության, կրթության, զբոսաշրջության ու մշակույթի ոլորտներում և խորացվի հարաբերությունները երկու քաղաքների և ժողովուրդների միջև։

Դոխթուրիշվիլիի հետ Ադրբեջանում են Ռուսթավիի քաղաքային խորհրդի անդամներն ու Քվեմո Քարթլիի շրջանի քաղաքապետերը։