Ֆիննախը հերքում է ռուսական նավթը երկաթուղով Վրաստան ներկրելու լուրը

Վրաստանի ֆինանսների նախարարությունը կեղծ է որակել մարտի 25-ին Formula TV-ի տարածած տեղեկությունը, թե, իբր, երկաթուղով պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթ է ներկրվել Վրաստան:

Հաղորդագրության համաձայն, Վրաստանը հաստատակամորեն հավատարիմ է միջազգային պատժամիջոցների կիրառման ընթացակարգերին, և այդ մեղադրանքը հաստատող փաստեր կամ ապացույցներ չկան։

«Լրագրողի հայտնած կարծիքը, մասնավորապես` մեջբերումը. «Ներկայացված են փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթը երկաթուղով բերվում է Վրաստան», ամբողջությամբ սուտ է և ապատեղեկատվություն։

Միջազգային պատժամիջոցների կիրառման առաջին իսկ օրերից Եկամուտների ծառայության մաքսային վարչությունում ստեղծվել է համապատասխան լիազորություններով աշխատանքային խումբ, որն իրավասության շրջանակներում իրականացնում է նշված կիրառման խիստ հսկողություն և կանխարգելիչ գործողություններ։ Նշված ժամանակահատվածում ստեղծվել են ռիսկի նոր միասնական պրոֆիլներ, որոնց հիման վրա բացահայտվում և վերահսկվում են պատժամիջոցների տակ գտնվող անձանց և ընկերությունների կողմից արգելված ապրանքների տեղափոխումը Վրաստանի մաքսային տարածք, ինչպես նաև տարանցման, արտահանման և վերաարտահանման ընթացակարգերը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում բոլորին` զերծ մնալ չճշտված և կեղծ տեղեկություններ տարածելուց.

«Պատժամիջոցների կիրարկման հետ կապված ցանկացած տեղեկություն պետք է ճշտվի պատժամիջոցների կիրառման համար պատասխանատու համապատասխան գերատեսչության՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հետ, ինչը, ցավոք, չի արել վերոնշյալ լրատվամիջոցը»: