Formula TV-ի և TV Pirveli-ի լրագրողների վրա հարձակման գործով հետաքննություն է սկսվել

Վրաստանի հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հետաքննություն է սկսել Formula TV-ի և TV Pirveli-ի հայտարարություններից հետո: Հեռուստաընկերությունները հայտարարել էին՝ Վրաստանի նախկին գլխավոր դատախազ, այժմ օլիգարխ, գործարար Օթար Փարցխալաձեի անվտանգության աշխատակիցները հարձակվել են նշված հեռուստաընկերությունների լրագրողների վրա։

«Հետաքննությունը սկսվել է մասնագիտական ​​գործունեությանը ապօրինի միջամտության փաստի առթիվ՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործության նշաններով»,- Netgazeti-ին հայտնել են ՀՔԾ-ից:

TV Pirveli-ի լրատվական ծառայության ղեկավար Նոդար Մելաձեի խոսքով, Փարցխալաձեի անվտանգության աշխատակիցները հարձակվել են շաբաթ օրվա հեռարձակման նկարահանող խմբի վրա և խլել հեռարձակման սարքավորումները:

Formula TV-ի տվյալներով, լրագրողները գնացել են Փարցխալաձեի տուն՝ ստուգելու այն տեղեկությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված Փարցխալաձեն գտնվում է Վրաստանում։ Ըստ Formula TV-ի լրագրող Մարիամ Ռիգվավայի՝ ինքը վնասվածք է ստացել ճակատի հատվածում։

Դեպքի առնչությամբ հայտարարություններ են տարածել և՛ հանրային պաշտպանը, և՛ «Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան»։

Հանրային պաշտպանը ՀՔԾ-ին կոչ է արել բացահայտել պատասխանատուներին և արագ ու լիարժեք իրականացնել բոլոր քննչական և դատավարական գործողությունները։

«Լրագրողական էթիկայի խարտիան» կոչ է արել քննչական մարմիններին անհապաղ պատասխանատվության ենթարկել հեռուստաընկերությունների նկարահանող խմբերի վրա հարձակվողներին։