Ֆրանսիայում Վրաստանի դեսպանը հեռացրել է Եվրոպայի կարևորության մասին իր գրառումը

Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Գոչա Ջավախիշվիլին հեռացրել է մարտի 7-ին՝ «օտարեկրյա գործակալների» օրենքի ընդունման դեմ բողոքի ակցիայի ֆոնին ֆեյսբուքյան իր անձնական էջում հրապարակած եվրոպամետ գրառումը:

Ջավախիշվիլին գրել էր, որ Եվրոպան ոչ միայն աշխարհագրական տարածք է, որը շրջապատված է սահմաններով, այլ առաջին հերթին արժեքների ամբողջություն է:

«Եվրոպականությունը հավատարմությունն է այդ արժեքներին: Վրաստանը, որին ես ծառայում եմ, միայն իշխանություն չէ, միայն ընդդիմությունը չէ, ոչ մեկը, ոչ մյուսը չեն ներառում երկրի անցյալը, ներկան ու ապագան։

Միայն ժողովուրդը, նրա պատմությունը, մշակույթն են որոշում երկրի այն հիմնարար առաքելությունը, ինչպիսին է նրա հոգևոր և մշակութային ինքնությունը։ Մեր նախնիների կամքն ու կտակը մեր հայրենիքի եվրոպական ապագան է»,- գրել էր Ջավախիշվիլին:

Նա նաև նշել էր, որ հասկանալով անցյալն ու ապագան՝ Վրաստանը հավատարիմ կմնա եվրոպական ճանապարհին.

«Ես այս ճանապարհին ծառայում եմ իմ համեստ աշխատանքով։ Սա իմ համոզմունքն է և քաղաքացու դիրքորոշումը։ Ես սահմանել եմ այս առաքելությունը և ծառայում եմ Վրաստանի եվրաինտեգրմանը։ Այլ ճանապարհ չեմ ընդունում»։

Մարտի 7-ին Թբիլիսիի կենտրոնում իրավիճակը լարվել էր, երբ խորհրդարանն անսպասելիորեն լիագումար նիստում քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։

Տեղում մոբիլիզացված հատուկջոկատայինները ցույցը ցրելու նպատակով կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենա, պղպեղային սփրեյ: Վաղ առավոտյան արդեն Ռուսթավելիի պողոտայում միայն ոստիկանական ուժերն էին։

«Օտարերկրյա գործակալների» օրինագծերն ուղարկվել են Վենետիկի հանձնաժողով