Գավրիլովը Վրաստանի կառավարությանը հորդորում է ընդմիշտ սաստել «սադրիչներին» և «քարոզիչներին»

Երեկ Ռուսաստանի դաշնության Պետդումայի պատգամավոր, Քաղաքացիական հասարակության զարգացման հանձնաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովը, Վրաստանում նախորդ տարվա հունիսին բարձրացած բողոքի ալիքի մեկ տարին լրանալու առիթով տեսաուղերձ է հրապարակել ֆեյբուքյան իր էջում: 

Իր տեսաուղերձում Գավրիլովը մասնավորապես ասում է.

«Այսօր՝ հունիսի 20-ի նախաշեմին, որը գուցե ամենաուրախ, ամենահանդիսավոր ու ամենանշանակալից ամսաթիվը չէ մեր երկրների համար, բայց հենց այսօր կարևոր էր հիշել անցյալը։ Ու հենց այսօր կարևոր էր գնալ մոսկվացիների համար ամենասիրելի վանքերից մեկը՝ սուրբ Գիորգիի վրացական տաճարը, կանգնել սուրբ Գիորգիի սրբապատկերի մոտ, աղոթել, ու շփվելով այդ հինավուրց վրացական վանքի այցելուների հետ, աջակցության խոսքեր ասել այն քաջ մարդկանց հասցեին, որոնք անկախ համաճարակից ու ծայրահեղականների սպառնալիքներից, անկախ  քարոզչության հիմարությունից ու ագրեսիվությունից, որը ցավոք պատել է մեր եղբայրական Վրաստանին, քաջություն ու խիզախություն են դրսևորում մեր հարաբերությունները պահպանելու ու ամրացնելու համար։

Ես վստահ եմ, որ մեզնից շատերին առաջնորդում է առողջ զգացումը, եղբայրության, միասնության, մեր համըդհանուր ճակատագրի զգացումը: Մեծ Հայրենականի շքերթի նախաշեմին մենք վերհիշում ենք մեր ընդհանուր պայքարն ու տառապանքները: Դա մեզ հնարավորություն է տալիս պատասխանատվությամբ ասել, որ մենք բաց ենք մեր հարաբերությունները ողջ ծավալով վերականգնելու համար: Վերականգնել զբոսաշրջությունը, մշակութային կապերն ու չվերթները»: 

Գավրիլովի խոսքով՝ թեև իրենք չեն պնդում, բայց գտնում են, որ ճիշտ քայլ կլինի ներողություն խնդրել ռուս պատգամավորներից,  նախագահից, որը ոչ մի կապ չունի այս ամենի հետ, և որ դա կարևոր պայման է՝ հարաբերությունների վերականգնման համար.«Հուսով ենք, որ վրացական ղեկավարությունը ուժ կգտնի վերջնականապես խախտելու  սադրիչների և քարոզիչների  ծրագրերը, որոնք, երկրից վտարված և օրենքով հետապնդվող նախկին նախագահին հետևելով, ուզում են վերացնել ժողովրդավարությունը Վրաստանում: Կեղտոտ սադրանքների մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն»:

Գավրիլովն իր ուղերձում հավաստիացնում է՝ հույսը չի կորցնում, որ երկու ժողովուրդները դեռ կարող են իրար հյուր գնալ, միասին ֆուտբոլ նայել ու աղոթել, միասին ընդհանուր ապագա կառուցել, տնտեսական խոշորագույն նախագծեր ձեռնարկել, միասին պայքարել համաճարակի ու ահաբեկչության դեմ։ Ըստ նրա՝ սա մեկ տարի առաջ կատարվածի միակ ճիշտ արձագանքը կլինի:  Ռուս պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում նաև նկարներ է հրապարակել՝ Մոսկվայի սուրբ Գիորգի վրացական տաճար իր այցելությունից:

Գավրիլովի տեսաուղերձը բազմաթիվ բացասական մեկնաբանությունների է արժանացել վրաստանյան սոցհարթակներում ու հատկապես պատգամավորի ֆեյսբուքյան էջում: Հեգնական ու վիրավորական մեկնաբանություններից զատ, շատերը ռուս պատգամավորին հորդորում են  լավ հարաբերությունների վերականգնման համար նախ ռուսական զորքերը դուրս բերել Վրաստանի տարածքներից, որոշներն էլ գտնում են, որ այդ ինքն է, որ պիտի ներողություն խնդրի և որ հուզական իր շեշտադրումները որևէ ազդեցություն չունեն վրաստանցիների վրա։

Հիշեցնենք՝ 2019 թվականի հունիսի 20-ին Գավրիլովը  Թբիլիսիում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական համաժողովի նիստին զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռը, ինչը բողոքի պատճառ էր դարձել, ապա վերածվել մեծամասշտաբ հակակառավարական ցույցի:

Այսօր երեկոյան՝ դեպքից մեկ տարի անց, Թբիլիսիի կենտրոնում հանրահավաք է մեկնարկելու: Իշխանությունն հավաստիացրել է, որ չի խոչընդոտելու հավաքին՝ պայմանով, որ ակցիան անցկացվի օրենքի շրջանակներում և համաճարակով պայմանավորված պահանջները հաշվի առնելով:

Мы надеемся, что руководство Грузии найдёт силы для того, чтобы окончательно разрушить планы реваншистов-переворотчиков.

Posted by Sergey Gavrilov on Friday, June 19, 2020