Գախարիան որևէ թմրանյութ չի օգտագործել. Վիեննայի լաբորատորիայի եզրակացությունը

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորած «Հանուն Վրաստանի» կուսակցության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ ըստ Վիեննայի լաբորատորիայի եզրակացության (FTC-Forensisch-Toxikologisches Labor in Austria)՝ Գիորգի Գախարիայի մազերի նմուշի հետազոտության արդյունքում որևէ թմրանյութի օգտագործումը չի հաստատվել:

Նշվում է, որ 2021 թվականի սեպտեմբերի 14-ին Վիեննայի (Ավստրիա) “FTC-Forensisch-Toxikologisches Labor” լաբորատորիան թմրանյութերի հայտնաբերման նպատակով Գիորգի Գախարիայի մազերի նմուշռաման միջոցով ուսումնադիրել է․

  •         Տետրահիդրոկանաբինոլ — (ներառյալ այսպես կոչված մարիխուանա)
  •         Կոկաին
  •         Ամֆետամին
  •         Մետամֆետամին
  •         MDEA
  •         MDMA
  •         Մեֆեդրոն
  •         Օփիոիդային խմբեր. Օփիոներ և հերոին
  •         Կոդեին
  •         Մորֆին
  •         Բուֆրենորֆին
  •         Դիհիդրոկոդեին
  •         Ֆենտանիլ
  •         Մեթադոն
  •         Տրամադոլ
  •         Բենզոդիազեպիններ

«Գիորգի Գախարիայի մազերի նմուշի հետազոտության արդյունքում վերը նշված դեղերից որևէ մեկի օգտագործումը չի հաստատվել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են 2021 թվականի սեպտեմբերի 28-ին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Գախարիային հորդորել էին թմրանյութի թեստ հանձնել, իսկ վերջինս հրաժարվել էր դա անել Վրաստանում: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Իրակլի Կոբախիձեն սկանդալային հայտարարություն էր արել Գախարիայի՝ կոկաին կիրառելու հետ կապված: Այնուհետև Վրաստանի հանրային հեռուստատեսության դեբատների ընթացքում, թեմայի հետ կապված Թբիլիսիի քաղաքապետի «Վրացական երազանքի» թեկնածու Կախա Կալաձեն հերքել էր, որ այս հարցի շուրջ երբևէ հայտարարություն է արվել կուսակցության որևէ անդամի կողմից: