Գախարիայի կուսակցությունն ընտրություններին մասնակցելու նպատակով գրանցվել է ԿԸՀ-ում

Գիորգի Գախարիայի գլխավորած «Վրաստանի համար» կուսակցությունը Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում անցել է գրանցումը և ընտրաթերթիկներում կուսակցության անվանումը կլինի՝ «Գախարիա — Վրաստանի համար»:

ԿԸՀ-ում անցկացված վիճակահանության արդյունքում կուսակցությանը տրվել է 25 համարը: Հետևաբար, 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում Վրաստանի նախկին վարչապետի կուսակցությունը կներկայանա «Գախարիա — Վրաստանի համար — 25» տեսքով:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարից Գիորգի Գախարիայի և «Վրացական երազանքի» ճանապարհները բաժանվեցին` Նիկա Մելիայի ձերբակալության հարցում ունեցած տարաձայնությունների պատճառով: Ավելի ուշ, նախ Բիձինա Իվանիշվիլին, ապա իշխող կուսակցության առաջնորդները Գախարիային անվանեցին պետության և թիմի դավաճան: Վերջին ամիսների ընթացքում Գախարիան ակտիվ հանդիպումներ է սկսել Վրաստանի արևմտյան շրջաններում և պատրաստվում է առաջիկա ընտրություններին:

Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի (International Republican Institute (IRI) կատարած նոր հետազոտության համաձայն՝ Վրաստանի կաթողիկոս-պատրիարքից և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեից հետո ֆավորիտների երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ, Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան: Հարցվածների 56% -ին նա շատ է դուր գալիս, 39% -ը չի համակրում Գախարիային, իսկ 1% -ը ոչինչ չի լսել նրա մասին: Նույն հարցման համաձայն` Գախարիայի կուսակցությունը 8 տոկոս աջակցություն ունի: