Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հրաժեշտ է տվել Համայն Վրաց Կաթողիկոս – Պատրիարք Իլիա Բ-ին

Առաջնորդական ծառայությունն ավարտելու կապակցությամբ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Մցխեթայի Ջվարիի Պատրիարքական նստավայրում հրաժեշտի հանդիպում ունեցավ Համայն Վրաց Կաթողիկոս – Պատրիարք Իլիա Բ-ի հետ: Հայտնում են վիրահայոց թեմի մամուլի ծառայությունը:

Սրբազանը նախ այցելել է Թբիլիսիի Պատրիարքարան, որտեղ նրան ընդունել է Պատրիարքի ռեֆերենտ տիկին Շորենա Թեթրուաշվիլին, ապա միասին այցելել են Մցխեթա, որտեղ Սրբազանին ջերմորեն ընդունել է Իլիա Պատրիարքը: 

Նորին Սրբությունը բարձր է գնահատել Սրբազանի գործունեությունը Վրաստանում և կարևորել Հայ և Վրաց Եկեղեցիների հազարամյակների բարեկամությունը: Պատրիարք Իլիա Բ-ն կիսվել է Հայ Եկեղեցու կաթողիկոսների և հոգևորականության հետ ունեցած եղբայրական կապերի և Սուրբ Էջմիածնի մասին իր ջերմ հիշողություններով:

Համայն Վրաց Պատրիարքը նաև աղոթել է Վրաստանի և Հայաստանի խաղաղության և հարատևության համար:

Սրբազանին ուղեկցել է թեմի Իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը: