Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այսօր հարցազրույցներ է տվել վրացական առաջատար լրատվամիջոցներին (Ռուսթավի 2, Իմեդի, Վրաստանի հանրային հեռուստաընկերություն և այլն)։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:
Հարցազրույցներում դեսպանը, մասնավորապես, անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային, Թուրքիայի ապակառուցողական գործողություններին, Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման փաստին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորմանը:
Դեսպանը նաև դատապարտել է Վրաստանի խորհրդարանի ազգությամբ ադրբեջանցի պատգամավորների ռազմամոլական հայտարարությունները` նշելով, որ բազմազգ Վրաստանն այն երկիրը չէ, որի խորհրդարանի պատգամավորները կարող են նմանօրինակ հայտարարություններ իրենց թույլ տալ։
Լուսանկարը՝ դեսպանության ֆեյսբուքյան էջից