Ջավախքում Արցախին օգնելու ուղիներ են քննարկվում. լուսանկարներ

Նինոծմինդա քաղաքում սեպտեմբերի 28-ին տասնյակ երիտասարդներ հավաքվել էին Արցախում ստեղծված իրավիճակը քննարկելու և աջակցության ուղիներ գտնելու համար: Երիտասարդները հիմնական երկու ուղղությամբ ընդհանուր հայտարարի եկան․ առաջինը՝ որ պետք է կազմել ցուցակներ այն մարդկանց անուններով, որոնք ցանկություն են հայտնում մեկնել Արցախ, երկրորդը՝ հնարավոր հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախի հայրենակիցներին: Նինոծմինդայից Արցախ գնալու ցանկություն հայտնեցին ավելի քան 100 երիտասարդ:

«Այսօր շատ մարդիկ ցանկանում են գնալ Ղարաբաղ մեր հայրենակիցներին օգնելու համար, սակայն սահմանները փակ են, և մենք պետք է հասկանանք մեր հետագա քայլերը: Նախ մենք կազմում ենք կամավորների ցուցակները, որոնք ուղարկելու ենք Հայաստան, որպեսզի տեսնենք՝ ինչ պատասխան կստանանք: Քիչ հետո մենք նաև հստակ կիմանանք, թե բացի կենդանի ուժից, ինչ հնարավոր ձևերով կարող ենք օգնել մեր հայրենիքին՝ կլինի դա ֆինանսական, թե առաջնային օգտագործման պարագաների տեսքով»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է երիտասարդներից մեկը:

Մեկ այլ մասնակցի խոսքով՝ ջավախցիներին բաժին է հասել ունենալ երկու հայրենիք, և այսօր մայր հայրենիքը պատերազմական իրավիճակի մեջ է, ուստի ջավախահայերը հնարավորություն ունեն իրենց ունեցած ռեսուրսներով ու գիտելիքներով կանգնել հայ զինվորի կողքին:

«Այսօր մենք եղբայրներով հավաքվել ենք մեր կամքը արտահայտելու: Այստեղ չկա ոչ մի քաղաքական, ֆինանսական և այլ գործոն: Ես իմ և իմ ընկերների անունից կարող եմ ասել, որ պատրաստ ենք գնալ այն թեժ վայրեր, որտեղ զոհվում են 2000 թվականին ծնված՝ 19-20 տարեկան զինվորները: Մեր այսօրվա սերունդը քնած չէ և ցանկացած պահին պատրաստ է լինել մեր եղբայրների կողքին», — մեզ հետ զրույցում ասաց հավաքի մասնակիցներից մեկ այլ երիտասարդ: