Ղարիբաշվիլի-Փաշինյան հեռախոսազրույց է կայացել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Տեղեկությունը տարածում է ՀՀ վարչապետի մամլո ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճին:

ՀՀ վարչապետն ընդգծել է հավատարմությունը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին, ինչպես նաև բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում լուծելու մոտեցումներին:

Վրաստանի վարչապետը հայտնել է, որ պատրաստ է ներդնել անհրաժեշտ ջանքեր՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման:

Երկուստեք կարևորվել է խաղաղ բանակցային ճանապարհով առկա հիմնախնդիրների կարգավորումը:

Վրացական կողմը դեռևս հաղորդագրություն չի տարածել։