ԵՄ-ի նկատմամբ հասարակության դրական վերաբերմունքը նվազել է․ հարցում

Ըստ euneighbourseast.eu-ի կատարած հասարակական կարծիքի հարցման՝ վրացիների 54 %-ը դրական կարծիք ունի Եվրամիության մասին, ինչը նախորդ տարվա ցուցանիշների համեմատ 11 %-ով ցածր է։ Այս ցուցանիշի նվազման պատճառը հիմնականում հասարակության չեզոք վերաբերմունքն է։ 

Եվրամիության վերաբերյալ հասարակության 3 %-ը բացասական կարծիք ունի, ինչը համապատասխանում է 2022 թվականի տվյալներին։

Ըստ հարցման՝ Վրաստանի բնակչության 78 %-ի համար Եվրամիությունը դարձյալ մնում է որպես ամենավստահելի միջազգային հաստատություն, թեև նախորդ տարվա տվյալների համեմատ վստահությունը 5 %-ով նվազել է։ 

Հարցվածների 82 %-ը տեղեկացված է Եվրամիության ֆինանսական աջակցությունների մասին և նրան համարում է հիմնական ֆինանսական ներդրողներից մեկը։

Եթե Եվրամիությանը միանալու հանրաքվե անցկացվեր Վրաստանում, ապա քաղաքացիների 74%-ը կաջակցեր անդամակցությանը։

Լրատվամիջոցներում Եվրամիությունը 53 %-ով դրական լույսի ներքո է ներկայացվում, իսկ 32 %-ով` չեզոք։

Քաղաքացիների 46 %-ը վաճառքի և տնտեսական զարգացման, 40 %-ը կրթության և 47 %-ը անվտանգության ոլորտում կողջունեն Եվրամիության աջակցությունը։

Հարցման համաձայն, ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնության՝ 84 %-ի կարծիքով, Վրաստանը լավ հարաբերություններ ունի Եվրամիության հետ։ Այս տարի ցուցանիշն առաջին անգամ 2016 թվականին անցկացված հարցման համեմատ 9 կետով աճել է։

Հատկանշական է նաև, որ կտրուկ աճ է նկատվում Եվրամիության ֆինանսական աջակցության տեղեկացվածության մասին։

Նշենք նաև, որ Եվրամիության աջակցած Արևելյան հարևանության ծրագիրը 2023 թվականին հասարակական կարծիքի հարցում է անցկացրել Արևելյան հարևանության վեց երկրում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Մոլդովայում։ Վերջին հարցումն անցկացվել է 2023 թվականի փետրվարին՝ ողջ երկրի մասշտաբով ընտրված 1000 հարցվածների հետ, դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։

Արևելյան գործնկերության երկրների հարցման արդյունքները ներկայացված են ազգային զեկույցներում։

Հասմիկ Պետրոսյան, ստաժոր