Ղարիբաշվիլին չի պատրաստվում մեկնել Կիև

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, թե «Ուկրաինա մեկնել  չի պատրաստվում, դա ոչինչ չի տա»։

«Գիտեք, որ օդային տարածքը փակ է, ոչ միայն ես, այլ աշխարհի հզոր պետությունների ղեկավարները չեն կարող մուտք գործել Ուկրաինա»,- անդրադառնալով Կիև մեկնելու և տեղում Ուկրաինային համերաշխություն հայտնելու մասին լրագրողների հարցին, ասել է վարչապետը։

Ղարիբաշվիլին ընդգծել է, որ Վրաստանն իր համերաշխությունն է հայտնում Ուկրաինային, պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել Ուկրաինայի քաղաքացիներին։

Երեկ՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է մայրաքաղաք Կիևում և այլ խոշոր քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։

Նշենք նաև, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։

Կարդացեք նաև՝

Վրաստանը չի միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին. Ղարիբաշվիլի