Խորհրդարանի նիստերի դահլիճը փակ է. ընդդիմությունը կոչ է անում փողոց դուրս գալ

Ընդդիմությունը չի կարողանում մուտք գործել խորհրդարանի նիստերի դահլիճ, որտեղ պատրաստվում էր Ուկրաինայի հարցով արտահերթ նիստ անցկացնել։

Արտահերթ նիստը իշխող «Վրացական երազանքը» չեղյալ է հայտարարել՝ փակելով խորհրդարանի նիստերի դահլիճի դռները։

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Խատիա Դեկանոիձեի խոսքով՝ Վրաստանի խորհրդարանի «տխրահռչակ նախագահ Պապուաշվիլին, որոշել է դեմ գնալ Վրաստանի սահմանադրությանը և փակել է խորհրդարանի դահլիճը. այսօր Վրաստանի խորհրդարանում ամոթի օր է»։

Դեկանոիձեն «Վրացական երազանքի» պատգամավորներին դիմել է հետևյալ խոսքերով՝ «սա կլինի ձեր ամենավատ և ամոթալի որոշումը»։

«Այսօր ամոթի օր է Վրաստանի խորհրդարանում, ամոթի օր է Վրաստանի պատմության մեջ։ Այս պահին, երբ ռուսական դիվերսիոն խմբերը հարձակվում են Կիևի վրա, Վրաստանի խորհրդարանի մեծամասնությունը միանգամայն ամոթալի որոշմամբ հավաքել է մեծամասնության պատգամավորների ստորագրությունները՝ չեղարկելով նախագահի կողմից այսօր հրավիրված խորհրդարանի նիստը՝ խախտելով օրինագիծը»,- ասել է Դեկանոիձեն։

«Լելոն Վրաստանի համար» կուսակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին էլ կոչ է արել հանրությանը այսօր՝ փետրվարի 25-ին, ժամը 19։00-ին կրկին դուրս գալ փողոց՝ պաշտպանելու իրենց և երկրի ազատությունը։

Սամադաշվիլիի խոսքով՝ այսօր, երբ որոշվում է Վրաստանի ճակատագիրը և յուրաքանչյուր քաղաքացու ազատությունը, պետությունն ունի իշխանություն, որը, սակայն «երկիրը բառացիորեն հանձնել է Ռուսաստանին»։

«Վրացական երազանքի» հետ խոսելն անիմաստ է։ Դուրս եկեք փողոց և պաշտպանեք ձեր ազատությունը»,- ասել է Սամադաշվիլին։

Հիշեցնենք՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չեղարկել է Ուկրաինայի հարցով խորհրդարանական արտահերթ նիստը։ Ավելի վաղ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օրենսդիրին կոչ էր արել անցկացնել այս նիստը։

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ ընդդիմություը «Ուկրաինայի հարցն օգտագործում է ներքաղաքական նպատակներով»։

Երեկ՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է մայրաքաղաք Կիևում և այլ խոշոր քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։

Նշենք նաև, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։