Ղարիբաշվիլին և Էրդողանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է կառավարության վարչակազմը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, նախանշվել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության արդյունքներն ու հետագա համագործակցության նոր հեռանկարները։ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ Վրաստանն ու Թուրքիան տնտեսական և քաղաքական հարթություններում զգալի առաջընթաց են գրանցել։

Նրա խոսքով, գոյություն ունեցող տարածաշրջանային նախագծերը Վրաստանի և Թուրքիայի միջև արդյունավետ ռազմավարական համագործակցության, կայուն զարգացման և հուսալի գործընկերության վառ օրինակ են, ինչը երկու երկրներին կբերի ավելի մեծ տնտեսական անկախություն, անվտանգություն և կայունություն:

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում անվտանգության իրավիճակը։ Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է խաղաղ բանակցությունների միջոցով հարցերը լուծելու կարևորությունը։

Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև նրա եվրոպական և հյուսիսատլանտյան ինտեգրմանը ցուցաբերած ամուր աջակցության համար։