GIPA MediaLab-ի հաղթողները՝ հաջողության և իրենց անցած ուղու մասին

Սամցխե-Ջավախեթիում և Քվեմո-Քարթլիում գործող Gipa Media Lab նախագծի շրջանակներում անցկացվեց GIPA DocU կինոփառատոնը, որի ընթացքում բացահայտվեցին լավագույն ֆիլմերի հեղինակները և պարգևատրվեցին մրցանակներով։

Այս տարի հատուկ մրցանակը՝ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում (GIPA) սովորելու կրթաթոշակը բաժին հասավ Վրաստանից 4 հեղինակների, որոնցից 2-ը ազգությամբ հայ, Սամցխե-Ջավախեթիի բնակիչներ Լուսինե Նուրջանյանն ու Սպիրիդոն Բագիրյանն են։

20-ամյա Լուսինե Նուրջանյանը սովորում է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի սոցիալական ու հասարակական գիտություններ ֆակուլտետի լրագրության բաժնի առաջին կուրսում։

«Անկեղծ ասած չէի սպասում, որ կդառնամ հաղթողներից մեկն ու կստանամ հնարավորություն ուսումս շարունակել GIPA -ում, որովհետև բոլոր մասնակիցների նախագծերն էլ շատ ուժեղ ու լավն էին։ Երբ լսեցի անունս` չէի հավատում, որ ինձ հետ է այդ ամենը կատարվում։ Դեռ չեմ կարողանում լիովին գիտակցել կատարվածը», — հուզմունքով նշում է Նուրջանյանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում։

Լուսինեն իր ֆիլմով փորձել է բարձրացնել տարեցների սոցիալ-հոգեբանական վիճակն  առողջական խնդիրներ ունեցող անձանց օրինակով․

«Նախագծի վերնագիրն էր` To be alone։ Այն երկու ծեր մարդկանց մասին է, ովքեր կյանքի բերումով մնացել են միայնակ և ունեն շատ լուրջ առողջական ու սոցիալական խնդիրներ։ Որոշեցի աշխատել այս նախագծի վրա, որովհետև շատ էի ցանկանում նրանց ձայնն էլ լսելի դարձնել, որպեսզի մարդիկ իմանալով այդ մասին` օգնության ձեռք մեկնեն»։

GIPA Media Lab-ում Լուսինեի ուղին սկսվել է 2019 թվականից, երբ նա 17 տարեկան էր․

«Համացանցում տեսա, որ GIPA Media Lab-ը հայտարարում է ընդունելություն ու անչափ շատ ուզեցի մասնակցել ծրագրին ու սովորել այնտեղ։ Երբ զանգեցին ու ասացին, որ ընդունվել եմ` աշխարհն իմն էր։ Սկսեցի հաճախել թրեյնինգներին, իրենց գործում անգերազանցելի մարդկանցից սովորել ֆոտո և վիդեո խցիկներով աշխատել, վավերագրական ֆիլմ նկարահանել, մուլտիմեդիա նախագիծ պատրաստել և այլն»։

Ասում է՝ բարդությունների ու մարտահրավերների հանդիպել է, դեռ հանդիպում է․ «Սկզբում ամեն ինչ դժվար էր, որովհետև սկսնալ էի, ոչինչ չգիտեի ու միայնակ էի աշխատում իմ նախագծի վրա։ Բայց հետո ի շնորհիվ GIPA Media Lab-ի ամբողջ թիմի, կարողացա հաղթահարել ճանապարհին հանդիպած դժվարությունները»։

Խոսելով իր փորձի մասին՝ վստահեցնում է․ դժվարություններն են, որ մեզ ուժեղ են դարձնում․

«Մուլտիմեդիա լրագրության և ֆիլմարտադրության ոլորտ մուտք գործելու համար առաջին հերթին անհրաժեշտ է սիրել այն ամենը, ինչ անում ես, ավելին սովորելու ձգտում ունենալ, համբերատար լինել ու կարողանալ մարդկանց հետ հեշտությամբ շփվել, իսկ այն երիտասարդներին, ովքեր ցանկություն ունեն ուսումնասիրել այս ոլորտը՝ խորհուրդ կտամ, որ շատ աշխատասեր լինել, երբեք չհանձնվել, հավատալ սեփական ուժերին։ Կարծում եմ՝ չպետք է վախենալ դժվարություններից, այլ հիշել, որ հենց այդ դժվարություններն են մեզ ուժեղ դարձնում»։

Մյուս հաղթող ֆիլմի հեղինակը Նինոծմինդայի Սաթխա գյուղից Սպիրիդոն Բագիրյանն է, այժմ սովորում է 12-րդ դասարանում և ուրախ է, որ մյուս տարվանից հնարավորություն է ունենալու բարձրագույն ուսում ստանալ GIPA-ում։

Ասում է՝ չէր կարող պատկերացնել, որ ուսման դրամաշնորհ կարող է շահել։ Նախագծին մասնակցում էր, քանի որ հետաքրքրում է այս ոլորտը, ուզում էր ներկայացնել իր համայնքի խնդիրները։

«Իմ ֆիլմը երկու պրոյեկցիոնիստներ Վլադիմիրի և Կոյրունի մասին է, նրանք գործընկերներ են եղել և գյուղերով՝ հարևաններ։ Խնդիրը կայանում է նրանում, որ կորցրել են իրենց աշխատանքը, երբ փլուզվել է Խորհրդային Միությունը։ Նրանք եղել են գյուղական ակումբների, նախկինում կինոթատրոնների աշխատողներ։

Վլադիմիրն ապրում է Սաթխա գյուղում, իսկ Կորյունը՝ Մեծ Արագյալ գյուղում, ֆիլմը  նրանց պատմության մասին է։ Այստեղ հատկանշական է, որ յուրաքանչյուր իրադարձություն կարող է յուրօրինակ ազդեցություն ունենալ տարբեր մարդկանց վրա», — պատմում է երիտասարդ ֆիլմարտադրողը։

Բագիրյանը ուզում է ռեժիսոր դառնալ, գործունեությունը շարունակել հենց այս ոլորտում։

Հատկանշական է, որ GIPA ընդունվելու համար, հաղթող մասնակիցները պետք է ընդունվեն համալսարան, հանձնելով 3 քննություն՝ Վրաց լեզու և գրականություն, օտար լեզու և որևէ ընտրովի առարկա։

Սակայն չնայած նրան, որ Բագիրյանը ռուսալեզու դպրոցի աշակերտ է, և քննությունները պետք է հանձնի վրաց լեզվով, կարծում է, որ բարդություններ կլինեն․ «կպարապեմ և կհասնեմ նպատակիս», —  նշում է նա։

Ընդգծենք, որ նախագծի շրջանակներում ընդհանուր հաշվով ներկայացվել է 19 մուլտիմեդիա նախագիծ։