Երեկվա օրը համառոտ. փետրվարի 8

Փետրվարի 8-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 350 454-ի: Մեկ օրում արձանագրվել է 24 616 նոր դեպք: Վարակից մահացել է ևս 54 մարդ, ընդհանուր՝ 15 300:

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ փետրվարի 8-ի դրությամբ հանրապետությունում ընդհանուր հաշվով իրականացվել է 2 755 879 պատվաստում։ Առնվազն 1 դոզայով պատվաստվել է 1 340 489 քաղաքացի, ամբողջությամբ պատվաստված է՝ 1 228 471-ը։ «Բուստեր» դոզայով պատվաստվել է 184 491 մարդ։

Ըստ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձենի՝ Վրաստանում հունվարին, կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ակտիվ տարածման ժամանակահատվածում, վիրուսով վարակվել է 4 019 հղի:

Երեկ կայացած Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ Վրաստանի առողջապահության նախարարությունը և Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնը կքննարկի մեկուսացման ժամկետի կրճատման հարցը։ 

Քննարկվել է երկրում առկա համաճարակաբանական իրավիճակը, ընդգծվել է, որ վարակման դեպքերի 95%-ն «օմիկրոն» շտամն է, որը հիմնականում համեմատաբար մեղմ ընթացք ունի, հետևաբար, հոսպիտալացման մակարդակն էապես չի աճում։ Հիվանդների մեծ մասը բուժվում է տնային պայմաններում, և նրանց առողջական վիճակը վերահսկվում է ընտանեկան բժիշկների կողմից:

Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով էլ, երկիրն այս պահին «օմիկրոնի» տարածման առումով պիկի փուլում է: Գաբունիան նշել է, որ հետևելու են իրադարձությունների զարգացմանն ու սպասելու վիրուսի նահանջին, ինչպես լինում է սովորաբար պիկից հետո:

Ըստ ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովի՝ հունվարի 20-ից հետո նկատվում է կորոնավարակի ներքին տարածման  բավականին լուրջ ցուցանիշ։ Իմունոլոգի խոսքով՝ վիրուսի տարածումը փետրվարի երկրորդ կեսից կնվազի։ 

Վրաստանի մշակույթի նախարարությունը Դիդգորիի ճակատամարտի մասին համակարգչային խաղ է պատրաստում։ Այս մասին հայտարարություն է տարածել նախարարությունը և հրապարակել խաղի թրեյլերը։

«Նախարարությունը հաշվի է առել երիտասարդների աճող հետաքրքրությունը թվային մեդիայի նկատմամբ և դրա հիման վրա որոշել է ստեղծել մի նախագիծ, որը կօգտագործի ժամանակակից տեխնոլոգիաները՝ վերակենդանացնելու այս կարևոր պատմական իրադարձությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Երեկ՝ փետրվարի 8-ին Կովկասյան տարածաշրջանի առաջին համալսարանը` Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը նշում էր 104-ամյակը։ Այն բացվել է 1918 թվականի փետրվարի 8-ին՝ Դավիթ Շինարարի հիշատակի օրը։ Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին շնորհավորել է Թբիլիսիի պետական ​​համալսարանի (ԹՊՀ) հիմնադրման 104-ամյակի կապակցությամբ։

Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ՝ քաղաքի սպորտդպրոցի մարզադահլիճում երեկ անցկացվել է սեղանի թենիսի առաջնություն։  Խաղին մասնակցել է տարբեր տարիքի, ավելի քան 200 աշակերտ՝ մունիցիպալիտետի 16 գյուղերի հանրակրթական դպրոցներից։

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Ռոման Գոցիրիձեն դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքի ամրապնդման պատճառներից մեկը նշում է արտարժութային ներհոսքի աճը։ Գոցիրիձեի խոսքով, իրավիճակը տագնապալի է, երբ լարին ամրապնդվում է դոլարի նկատմամբ, թեև երկրում տարեկան գնաճը (հունվարին) հասել է 13,9%-ի։ 

Փետրվարի 8-ի պաշտոնական փոխարժեքով, որն ուժի մեջ կմտնի փետրվարի 9-ից, լարին ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է ևս 2,8 թեթրիով։ Ըստ այդմ՝ 1 ԱՄՆ դոլարի արժեքը կազմել է 2.9200 լարի։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա եվրոյի նկատմամբ լարին ամրապնդվել է 3,31 թեթրիով, ըստ այդմ՝ 1 եվրոյի արժեքը փետրվարի 9-ին կկազմի 3,3338 լարի։

Երեկ Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները հանրահավաք են անցկացրել էկոնոմիկայի նախարարության դիմաց։ ՄԱՇ-ի անդամ Լևան Խաբեիշվիլիի խոսքով՝ իրենք բողոքում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ։ Միաժամանակ, ցուցարարները պահանջել են էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավայի հրաժարականը։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացանք, որ Վրաստանն արգելել է Հայաստանին Վրաստանի տարածքով Ռուսաստան արտահանել «Մածուն» գրությամբ հայկական կաթնամթերքը: Նշվում է, որ Վրաստանը «մացոնի»-ն ձևակերպել է որպես իր աշխարհագրական նշում (GI), ինչպես օրինակ Ֆրանսիայում կոնյակն ու գինին են, իսկ հայկական արտադրողն էլ Ռուսաստան արտահանումը սկսել է իրականացնել «Հայկական սարի յոգուրտ» գրությամբ:

Պարզ դարձավ նաև, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գրեթե վեց ժամ տևած բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Եվրոպայի անվտանգության ապահովման սկզբունքին:

Մակրոնը հայտարարել է, որ անվտանգության համակարգի կառուցման ընթացքում պետք է հարգեն այն երկրներին, որոնք ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամներ չեն, սակայն Եվրոպայի տարածաշրջանում են: Ֆրանսիայի նախագահի խոսքով, Բելառուսը, Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան այն երկրներն են, որոնց ինքնիշխանությունն ու անկախությունը պետք է հարգել:

Վրաստանի խորհրդարանի երկու ընդդիմադիր կուսակցությունները, որոնք խորհրդարան են մտել 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո և այդպիսով ֆինանսավորում ստացել, կարող են կորցնել այդ ֆինանսավորումը։ Դա կախված կլինի խորհրդարանի որոշումից՝ չեղարկել «Լելոյի» առաջնորդ Բադրի Ջափարիձեի և «Լեյբորիստական ​​կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլիի մանդատները, թե` ոչ: Նրանց համար պատգամավորի լիազորությունների դադարեցմանն աջակցել է ընթացակարգային հարցերի հանձնաժողովը։

Երեկ իշխող կուսակցության և ընդդիմության ներկայացուցիչներն արձագանքել են Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի նոր տեսլականին, որը կապված է ընդդիմության վերակազմավորման հետ։ Ուգուլավան ֆեյսբուքյան իր էջում հրապարակած նամակում ասել էր, որ «Ազգային շարժումը» պետք է «հովանոց» կուսակցություն լինի բոլոր նրանց համար, ովքեր համաձայն են հիմնարար սկզբունքներին, իդեալներին, հարգում են կուսակցության կենսագրությունը, նույնիսկ եթե շատ հարցեր քննադատաբար են գնահատում։

Գիգի Ուգուլավան նպատակահարմար է համարել մեկ այլ ընդդիմադիր դաշինքի ստեղծումը, որը կմիավորի «Լելոն», «Գախարիան՝ Վրաստանի համար» կուսակցությունները, ինչպես նաև Գիորգի Մարգվելաշվիլիին, Գիորգի Կվիրիկաշվիլիին, Իրակլի Ալասանիային, Դավիթ Բաքրաձեին ու Գիորգի Վաշաձեին։