Մարգարիտա Սիմոնյանը՝ Վրաստանի կառավարության աշխատանքի և օդային հաղորդակցության արգելքը հանելու մասին

Ռուսական Russia Today լրատվական գործակալության տնօրեն և ռուսական քարոզչամեքենայի ակտիվ տարածող համարվող հայազգի Մարգարիտա Սիմոնյանի կարծիքով, Վրաստանի կառավարությունը «զարմանալիորեն ադեկվատ է»։

Նա հարց է բարձրացնում, թե արդյոք Ռուսաստանը պետք է հանի դեպի Վրաստան ուղիղ չվերթների արգելքը։

«Վրաստանի կառավարությունն այս իրավիճակում իրեն զարմանալիորեն ադեկվատ է պահում։ Սաակաշվիլիին, ով կրակել է մեր խաղաղապահների վրա, Վրաստանի կառավարությունը ձերբակալել է, նաև չեն աջակցել պատժամիջոցներին, նրանց հռետորաբանությունն ավելի հանգիստ է, քան ՀԱՊԿ-ի որոշ անդամների:

Ի պատասխան դրա՝ հանե՞նք նրանց հետ (խմբ. Վրաստանի) օդային հաղորդակցության արգելքը: Նրանք անհամբեր սպասում են դրան»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Սիմոնյանը։

Նշենք, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթները դադարեցվել են 2019 թվականի հուլիսին։ Դրան նախորդել են ռուսական օկուպացիայի դեմ լայնածավալ ցույցերը։

Թռիչքների մասին գրառմանը կից Սիմոնյանը հրապարակել է «Sputnik Georgia»-ի պատրաստած նյութի վերնագիրը՝ «Վրացական կառավարությունը չի դիտարկում ուկրաինական Բուչայում սադրանքը որպես ցեղասպանություն ճանաչելու ընդդիմության նախաձեռնությունը»։

Նշված նյութում «Sputnik Georgia»-ն օգտագործել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքերը.

«Մենք պատերազմի կուսակցությանը (խմբ. նկատի ունի ընդդիմությանը) չենք ներգրավելու արտաքին քաղաքական որևէ նախաձեռնության մեջ, քանի որ շատ լավ գիտենք, թե որն է յուրաքանչյուր նման նախաձեռնության նպատակը։ Նպատակը Վրաստանում երկրորդ ճակատ բացելն է…»:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին Ռուսաստանը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայում, որը շարունակվում է առ այսօր:

Կարդացեք նաև՝

Մարգարիտա Սիմոնյանն Աբխազիայում մեդիա կենտրոն է բացել