Թբիլիսիում նախօրեի ակցիայից հետո խաղաղ է. այսօր ևս հավաք է նախատեսված

Վրաստանում նախորդ երկու օրվա ընթացքում երկու լայնամասշտաբ բողոքի ակցիա  անցկացվեց:

Առաջին հավաքից հետո Խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական ներկայացրեց: Նույն պահանջով՝ արդեն երկրի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայից, հավաքվեցին նաև նախօրեին:

Երկրորդ ակցիան , չնայած որ ավելի մարդաշատ էր, անցավ առանց արյունի: Ելույթներից հետո հավաքի մասնակիցները ցրվեցին՝ անոնսելով երրորդ ակցիան՝ այսօր ևս, նույն տեղում ու նույն ժամին, հիմնական պահանջը կրկին Գախարիայի  հրաժարականն է լինելու:

Նախօրեին ՌԴ-ի նախագահը հայտարարեց  ռուսական ավիաընկերությունների՝ դեպի Վրաստան  ուղևորափոխադրումների արգելքի մասին: Արգելքն ուժի մեջ կմտնի հուլիսի ութից: Այս պահին, ըստ մոտավոր հաշվարկների՝ Վրաստանում հանգստանում է 5-7 հազար զբոսաշրջիկ: Խոսքը կազմակերպված տուրիստական խմբերի մասին է, որոնք մինչ հուլիսի ութը պետք է լքեն Վրաստանը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում ստեղծված իրավիճակը քննարկել է Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչերի հետ: Հանդիպմանը մասնակցել են Էստոնիայի, Լիտվայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Բուլղարիայի դեսպանները, նաև ԱՄՆ-ի  դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարը, Եվրամիության ներկայացուցչության ղեկավարներ:

Զուրաբիշվիլին ասել է, թե հանրային համաձայնության հասնելու համար պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք չունեն ապակայունացմանն ուղղված որևէ գաղափար կամ մարտահրավեր:

Նախօրեին օտարերկրյա դեսպանների հետ հանդիպել էր նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և արտգործնախարար Դավիդ  Զալկալիանին:

Հանդիպումների ընթացքում դեսպանները կողմերին հանգստության, բռնությունից հրաժարվելու և երկխոսություն սկսելու կոչ են արել:

Ակցիայի առաջին օրը տուժած քաղաքացիներից New Hospitals-ում շարունակում է մնալ 11 մարդ, նրանց թվում նաև աչքը կորցրած աղջիկը: Կլինիկայի ղեկավարի խոսքով՝ նրանց բոլորի վիճակը կայուն է, ոչ մի պացիենտի կյանքին վտանգ չի սպառնում: