«Գիրչին» ակցիա է անցկացնում ՆԳՆ-ի դիմաց

Լուսանկարը՝ Ազատության վրացական ծառայության

Վրաստանի ընդդիմադիր «Գիրչի-ավելի շատ ազատություն» կուսակցությունը ներքին գործերի նախարարության շենքի մոտ ցույց է անցկացրել՝ բողոքելով մի քանի օր առաջ Թբիլիսիում երիտասարդի սպանության քննության դեմ։

Քննության տվյալներով՝ 30-ամյա տղամարդու վրա կրակել է ոստիկանը՝ փորձելով ձերբակալել նրան։

ՆԳՆ-ի դիմաց ցուցարարների ձեռքում եղել են հետևյալ բովանդակությամբ պաստառներ՝ «Ես վստահում եմ միայն չորսոտանի շներին», «Ոստիկանը ոստիկանի կաշին չի պատռի», «Ո՞ւմ դիմեմ, երբ ոստիկանը մարդասպան է», «Շուն, գնա այն կողմ», «Պատահաբար սպանեցի՞ք ինձ»։

Նշենք, որ ապրիլի 18-ի երեկոյան Թբիլիսիի Գուդիաշվիլի փողոցի մոտ ոստիկանի կրակոցից երիտասարդ է սպանվել։ Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ տղամարդը, ում ոստիկանը փորձում էր բերման ենթարկել, այդ փողոց էր եկել թմրանյութ վերցնելու։