ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հայտարարությունները մեկ նյութով

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ Ջեյմս Ապաթուրայն այսօր ելույթ է ունեցել Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում, որից հետո մի շարք հայտարարություններ արել։

Նշենք, որ նիստն ընթացել է դռնփակ։

Ապաթուրայը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները ցանկանում են տեսնել, որ դաշնակից երկրներն անում են առավելագույնը Ուկրաինային աջակցելու համար:

«Հասկանալի է, որ Վրաստանը գտնվում է շատ բարդ աշխարհագրական և անվտանգային միջավայրում: Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի անդամ երկրների կառավարությունները ցանկանում են տեսնել, որ դաշնակից երկրներն ամեն ինչ անում են Ուկրաինային աջակցելու համար և ճնշում են գործադրում Ռուսաստանի վրա»,- ասել է Ապաթուրայը։

Ապաթուրայը ընդգծել է, որ դաշինքը ցանկանում է Վրաստանում տեսնել ավելի քիչ բևեռացված քաղաքական միջավայր.

«ՆԱՏՕ-ն ցանկանում է տեսնել Վրաստանի կողմից բարեփոխումների շարունակությունը։ Մենք ցանկանում ենք տեսնել, որ կառավարությունը և ընդդիմությունը միասին են աշխատում և, որ որոշումները կայացվում են քաղաքական տարաձայնություններից դուրս»։

Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար պարզ է, որ Վրաստանի բնակչության զգալի մասը կողմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը։

Ապաթուրայը նաև նշել է, որ «ՆԱՏՕ-ն  հավատարիմ է բաց դռների քաղաքականությանը և, որ այն միշտ բաց է Վրաստանի պարագայում»։

Ըստ Ապաթուրայի՝ Ուկրաինայի պատերազմի հետևանքով առաջացած անվտանգության նոր մարտահրավերների լույսի ներքո դաշինքը որոշել է ավելին անել Վրաստանին աջակցելու համար:

«Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում հիմնովին փոխել է Եվրոպայում անվտանգության քարտեզը։ Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն որոշել է ավելին անել մերձավոր գործընկերներին, այդ թվում Վրաստանին աջակցելու համար, և դրա համար ես այստեղ եմ՝ ավելի շատ ուշադրություն դարձնելու կիբերանվտանգությանը, հիբրիդային սպառնալիքներին և էներգետիկ անվտանգությանը»,- ասել է նա։

Նրա խոսքով, առաջիկայում Վրաստան կայցելի նաև Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։