Գլխավոր դատախազից՝ Գերագույն դատարանի քրեական պալատի նախագահ

Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Շալվա Թադումաձեն, որը խորհրդարանի կողմից նշանակվեց որպես անժամկետ դատավոր, դեկտեմբերի 16-ին միաձայն ընտրվեց նաև Գերագույն դատարանի քրեական պալատի նախագահ:

Թադումաձեն քրեական պալատի նախագահ ընտրվեց դատավորների պլենումի նիստում: Ըստ Գերագույն դատարանի տեղեկատվության, դատավորների լիագումար նիստում քննարկվել է նաև անժամկետ ընտրված դատավորների բաշխումը Վճռաբեկ դատարանում, ինչպես նաև դատավորների միջև դատական գործերի բաշխում:

Պլենումի նիստին մասնակցել են դեկտեմբերի 12-ին Վրաստանի խորհրդարանի կողմից ընտրված 14 դատավորները:

Նշենք, որ Միացյալ ընդդիմությունը, մի խումբ ՀԿ-ներ և քաղաքացիական ակտիվիստներ «Վրացական երազանքին» կոչ էին անում չեղարկել դատավորների ցուցակը: Ըստ նրանց՝ այս 14 անձինք կառավարության դրածոներն են ու նրանց կլանի անդամները։