Գնահատական տալ Սաակաշվիլիի «բռնապետական ռեժիմին»․ հակարևմտյան ուժերի ցույց Թբիլիսիում

Լուսանկարը՝ RadioTavisupleba-ի

Թբիլիսիի Առաջին Հանրապետության հրապարակում (նախկին «Վարդերի հեղափոխության» հրապարակ) հակաարևմտյան համարվող «Այ ուցնոբի» («Ահա, անծանոթ») շարժումը «Գալիս եմ» կարգախոսով հանրահավաք է անցկացրել:

Հանրահավաքի կազմակերպիչները հնչեցրել են իրենց պահանջները։ Մասնավորապես, ակցիայի կազմակերպիչներից մեկի՝ դերասան, իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախկին պատգամավոր Զազա Պապուաշվիլիի խոսքով, իրենք կառավարությունից պահանջում են «քաղաքական և իրավական գնահատական ​​տալ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության 2004-2012 թվականների բռնապետական ​​ռեժիմին»:

«Կառավարությունը պետք է հոգա ինքնիշխան տնտեսական քաղաքականություն իրականացնելու մասին, որը կվերացնի գործազրկությունը, ցածր աշխատավարձը և աղքատությունը: Մենք պահանջում ենք նաև Եվրամիության և այլ երկրների քաղաքական գործիչներից հարգել Վրաստանի պետական ​​ինքնիշխանությունը: Մենք կտրականապես պահանջում ենք չմիջամտել Վրաստանի ներքաղաքական գործերին: Կողմերի միջև հարաբերությունները պետք է հիմնված լինեն հարգանքի և գործընկերության վրա:

Դպրոցներում ներդնել ֆունդամենտալ կրթություն. դադարեցնել կրթական հաստատություններում երիտասարդների գաղափարական վերամշակումը: Ժողովրդագրական իրավիճակը շտկելու համար պետք է արդյունավետ պետական ​​ծրագիր իրականացնել: ԼԳԲՏ քարոզչությունը պետք է օրենքով արգելվի․․․»,- ասել է Պապուաշվիլին։

Ցույցի կազմակերպիչները Թբիլիսիի Հանրապետության հրապարակում հավաքվածներին ներկայացրել են Վրաստանի արտաքին և տնտեսական քաղաքականությունը փոխելու իրենց նախաձեռնությունները։

«Վրաստանն առաջնային է ամենից» պահպանողական հարթակի հիմնադիր Վատո Շաքարիշվիլին, ով Վրաստանի միջազգային գործընկերներին «անքուն ընկերներ» է անվանել, շեշտել է՝ անհրաժեշտ է մտածել, թե ի՞նչ է պետք Վրաստանին ավելի շատ. «Որևէ ռազմական դաշինքին միանալու անիրատեսական պլաններ ու նպատակներ, թե հեռացում դաշինքներից ու չեզոքություն»:

Շաքարիշվիլին ցույցի մասնակիցներին առաջարկել է պատասխանը՝ երկրի խաղաղությունը, զարգացումը և միավորումը հնարավոր է միայն չեզոքության պայմաններում։

Ակցիայի մեկ այլ կազմակերպիչ՝ Վրաստանի հինգերորդ գումարման (1999-2004 թթ․) խորհրդարանի պատգամավոր Իրակլի Գոգավան ցուցարարներին ասել է, որ միջազգային գործընկերները ցանկանում են «վրաց ազգի ժողովրդագրական ձմեռը»՝ նշելով, որ «լիբերալ կապիտալիզմը չի աշխատել», այսուհետ Վրաստանը պետք է սկսի «ինքնիշխան տնտեսական քաղաքականություն վարել»։

Իշխանությունների արձագանքը

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն շնորհակալություն է հայտնել վերոնշյալ պահանջներով հանրահավաքի դուրս եկած քաղաքացիներին։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ում համար կարևոր է խաղաղությունը, ում համար առաջին հերթին հայրենիքն է, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր տոգորված են հայրենասիրությամբ, ովքեր ուրախ են մեր երկրի հաջողություններով, տնտեսական զարգացմամբ»,- ասել է Կալաձեն։

«Վրացական երազանքի» պատգամավոր Նինո Ծիլոսանին ևս ողջունելով հանրահավաքը՝ ասել է, որ այժմ խաղաղությունը գլխավոր նպատակն է.

«Վերջին շատ ագրեսիվ և պատերազմական հռետորական ցույցերի ֆոնին խաղաղությանն ուղղված և երկրի հանդեպ սիրով տոգորված հազարավոր քաղաքացիների հավաքը, իհարկե, շատ հաճելի էր տեսնել։ Ողջունում եմ բոլոր այն մարդկանց, ում համար առաջին հերթին Վրաստանն էր, և սա էր այս հավաքի կարգախոսը»:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին գնահատելով հանրահավաքն ասել է, որ «սա վրացական գաղափարներով և ազգային շահերով տոգորված գործողություն էր»։