Գորիի շփման գծում Վրաստանի 4 քաղաքացի է ձերբակալվել

Ռուսական օկուպացիոն ուժերը Վրաստանի Գորիի մունիցիպալիտետի Աձվի գյուղի մոտ ապօրինաբար ձերբակալել են Վրաստանի չորս քաղաքացու։ Այս մասին տեղեկությունը տարածում է պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ)։ 

Ըստ տեղեկության ՊԱԾ-ը ակտիվացրել է թեժ գիծ, որը գործում է Եվրամիության դիտորդական առաքելության միջոցով։ Տեղեկությունն անմիջապես փոխանցվել է Ժնևյան քննարկումների համանախագահներին։ 

«Վրաստանի կենտրոնական իշխանությունն օգտագործում է իր տրամադրության տակ եղած բոլոր մեխանիզմները՝ ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացիներին ազատ արձակելու համար։ 

Ռուսական օկուպացիոն ուժերը լիովին պատասխանատու են օկուպացված շրջաններում և օկուպացիոն գծի երկայնքով իրականացված սադրիչ գործողությունների համար։ Ապօրինի ձերբակալությունների վնասակար պրակտիկան զգալիորեն վատթարացնում է անվտանգության միջավայրը տեղում և սպառնում է տարածաշրջանի կայունությանը», — ասվում է հայտարարության մեջ։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր