Գրավ-կալանք՝ Չոխատաուրիի սակրեբուլոյի նախկին նախագահի նկատմամբ

Օզուրգեթիի շրջանային դատարանը Չոխատաուրիի սակրեբուլոյի (ավագանու) նախկին նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է սահմանել 30 հազար լարիի չափով կալանք-գրավը։

Դատական նիստին ներկա էր մեղադրյալ Դավիթ Շարաշիձեն։ Գրավի միջնորդությունը նիստի ժամանակ ներկայացրել էր պաշտպանական կողմը, մինչդեռ դատախազությունը նախկին բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ պահանջում էր կալանավորում։

Գործի նյութերի համաձայն՝ Օզուրգեթիի ռեստորաններից մեկում տեղի ունեցած վիճաբանության հողի վրա Չոխատաուրիի սակրեբուլոյի նախագահը և նրա հետ գտնվող ևս երկու քաղաքացի խմբակային բռնություն են գործադրել նույն ռեստորանում գտնվող ոստիկան Գոգա Ջինճարաձեի նկատմամբ։

Վրաստանի դատախազությունը խմբակային բռնության փաստով Չոխատաուրիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախկին նախագահին մեղադրանք է ներկայացրել երեկ։ Դավիթ Շարաշիձեին սպառնում է մինչև 2 տարի ժամկետով ազատազրկում։

Հետաքրքիր է, որ դատարանը կիրառել է կալանք-գրավ տերմինը, ինչը նշանակում է, որ մեղադրյալը կմնա կալանքի տակ, քանի դեռ նշված գումարը չի վճարվել։