Գրիգոլ Վաշաձեն լքել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն լքել է կուսակցությունը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: Գրառման մեջ նա խոսել է նաև գնալու պատճառների մասին: Վաշաձեն գրում է, որ նման քայլը բարդ է իր համար, սակայն այլ ելք չի գտնում:

«2017 թվականից ի վեր ես օգտագործել եմ իմ ողջ ներուժը՝ վերադարձնելու մեր իշխանությունը մանդատների տեսքով, իհարկե շատ հաջողությունների հասել ենք, սակայն կան բաներ, ինչին չեմ կարողանա համակերպվել: Ես չեմ համակերպվի առանց կուսակցության ղեկավարության հետ խորհրդակցելու, կուսակցության քայլերի մասին որոշումներ կայացնելուն: Չեմ համակերպվի կուսակցության ներսում ու դրսում այնպիսի կերպարներին, ում պատճառով երբեք չենք վերականգնի ընտրողի վստահությունը»։

Վաշաձեն խոսել է դեսպանի վրա հարձակումներ անելու մասին, ընդգծել, որ տպավորություն է մնում, թե կուսակցության ներսում չգիտեն, որ դեսպանի վրա հարձակվելով, հարձակվում էին երկրի վրա, որը նա ներկայացնում է: Վաշաձեն ընդգծել է, որ ԱՄՆ ու ԵՄ հետ ունեցած հարաբերություններն այսպիսով կուսակցության անդամները ոտնահարում են:

«Ինձ համար փոքրամասնություն լինելը կամ մենակ մնալը խնդիր չէ: Խնդիր է մնալ այնտեղ, որտեղ չգիտեն սովորել իրենց իսկ սխալների վրա»։

Վաշաձեն խնդրել է լրագրողներին չանհանգստացնլ իրեն, իսկ արդեն նախկին գործընկերներին  հաջողություն է մաղթել:

Հիշեցնենք՝ Գրիգոլ Վաշաձեն 2008 թվականի փետրվարի 6-ից եղել է Վրաստանի արտգործնախարար: 2008թ նոյեմբերի 6-ին մշակույթի նախարար է նշանակվել: 2008թ դեկտեմբերից 2012թ եղել է արտաքին գործերի նախարար:

2017թ-ից ՄԱՇ կուսակցոթյան քաղաքական խորհրդի նախագահն է, իսկ 2019 թ-ին կուսակցության նախագահ է դարձել: