ԱՄՆ-ի օգնությունը Վրաստանին կազմում է 6 մլրդ դոլար

ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի ավագ խորհրդական Դերեկ Շոլլեն Վրաստան կատարած այցի հետ կապված հոդված է հրապարակել, որտեղ նշում է՝ 1992 թվականից ի վեր ԱՄՆ-ի օգնությունը Վրաստանին կազմում է մոտ 6 մլրդ դոլար։

Պետքարտուղարության ներկայացուցիչը միջազգային շրջագայության շրջանակներում այցելել է Վրաստան և հանդիպումներ ունեցել իշխանությունների, ընդդիմության և քաղհասարակության  ներկայացուցիչների հետ։

Շոլլեն հույս  է հայտնել, որ Վրաստանի կառավարությունը կարևոր ընտրական և դատական ​​բարեփոխումներ կիրականացնի։

«Ինձ ոգևորում է Վրաստանի կառավարության խոստումը կարևոր ընտրական և դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու մասին, այդ թվում՝ 2021 թվականի դեկտեմբերին կայացած Ժողովրդավարության վերջին գագաթնաժողովում։ Դրանք պետք է կատարվեն, եթե Վրաստանը ցանկանում է իրացնել իր ողջ ներուժը»,- ասվում է հոդվածում։

Նա թվարկում է անցած 30 տարվա ընթացքում Վրաստանին օգնելու ծրագրերը, այդ թվում՝ ավելի քան 20 000 վրացի զինվորականների վերապատրաստումը, ավելի քան 6 000 Վրաստանի քաղաքացիների մասնակցությունը ԱՄՆ-ի մշակութային և կրթական փոխանակման ծրագրերին, 100 դպրոցների վերակառուցումը, արտահանման նոր շուկաներ գտնելու և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը, ժողովրդավարական բարեփոխումների հարցում աջակցությունը և այլն։

«Քանի դեռ Պուտինը շարունակում է Ուկրաինայի դեմ իր չհրահրված և չարդարացված պատերազմը, մենք կշարունակենք աշխատել Վրաստանի և մյուս գործընկերների հետ՝ աջակցելու ուկրաինացի ժողովրդին և պատժելու Կրեմլին՝ նրա արյունալի գործողությունների համար։ Մենք բարձր ենք գնահատում վրաց ժողովրդի հստակ աջակցությունը հարեւան Ուկրաինային, ինչպես նաև մարդասիրական օգնության տրամադրումը։ Այնուամենայնիվ, մեզանից յուրաքանչյուրը կարող է և պարտավոր է անել ավելին»,- գրել է Շոլլեն։