Բացահայտվել է անչափահասի հարկադիր աշխատանքի դեպք

Վրաստանի աշխատանքի տեսչական ծառայությունը բացահայտել է անչափահասի հարկադիր աշխատանքի դեպք:

Աշխատանքի տեսչությունից հայտնում են, որ չպլանավորած ստուգման արդյունքում պարզվել է, որ 15-ամյա տղան 5 ամիս աշխատել է խոշոր եղջերավոր անասունների սպանդանոցում՝ պատասխանատվություն կրելով տարածքի մաքրման և թափոնների հեռացման համար:

«Անչափահասի հետ հարցազրույցի արդյունքում պարզվել է, որ աշխատանքն սկսելուց անմիջապես հետո ընկերության լիազորված անձը (փոխտնօրեն/գործավարը) պարբերաբար խնդրել է նրան աջակցել սպանդանոցին հարող իր ֆերմայի գործունեությանը, որը ներառում է անասունների խնամք: Աշխատանքից ազատելու սպառնալիքով անչափահասին ստիպել են ամիսներ շարունակ աշխատել ֆերմայում, ինչի դիմաց անչափահասը չի վարձատրվել։

Աշխատանքը սկսելուց հինգ ամիս անց անչափահասը հրաժարվել է աշխատել ղեկավարի ֆերմայում, որից հետո բանավոր և ֆիզիկական բռնության է ենթարկվել, այնուհետև աշխատանքից ազատվել առանց աշխատած օրերի դրամական փոխհատուցման»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ՝

Աշխատանքի տեսչական ծառայությունը կազմակերպությանը տուգանել է 10 հազար լարիով (մոտ 3 333 դոլար)՝ հարկադիր աշխատանքի և աշխատանքային իրավունքները խախտելու համար։

Կարդացեք նաև՝

Ո՞ր ոլորտում է արտաժամյա աշխատանքը գերակշռում