Գուրջաանիի մունիցիպալիտետի Չալաուբաի գյուղի հարակից տարածքում՝ Իորի գետի մոտ գտնվող ֆերմաներից մեկում կատաղության դեպք է հաստատվել։ Հիվանդության տարածումը կանխելու նպատակով վտանգավոր տարածքում կարանտին է հայտարարվել:
Պարենամթերքի ազգային գործակալության տվյալներով՝ նշված ֆերմայում պահվում են 1000 գլուխ մանր եղջերավոր և 17 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, նաև 2 ձի և 6 շուն: Մայիսի 14-ին շներից մեկը, որն աչքի է ընկել ագրեսիվ վարքագծով, կծել է հինգ շան, մեկ ոչխարի և մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասունի:
Կենդանին մի քանի օրից սատկել է, որից հետո ախտաբանական նյութն ուղարկվել է Գյուղատնտեսության պետական լաբորատորիա։ Հետազոտության արդյունքում (փորձաքննության արձանագրություն N3668) շան մոտ հաստատվել է կատաղության ախտորոշումը:
Տեղում անցկացված հետաքննությամբ պարզվել է, որ ֆերմայում գտնվող կենդանիները կատաղության դեմ պատվաստված չեն եղել։ Գործող օրենսդրության համաձայն՝ կատաղությամբ վարակման մեջ կասկածվող, չպատվաստված կենդանիներն անհապաղ կպատվաստվեն, և սեփականատիրոջ պատասխանատվությամբ նրանց նկատմամբ կսահմանվի 6-ամսյա հսկողություն:
Վարակի օջախում և հարակից տարածքում կարանտին հայտարարելուց հետո Պարենամթերքի ազգային գործակալությունն սկսել է կատաղության վերացմանն ուղղված միջոցառումներ, որոնք ներառում են.
• Հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիների հարկադիր պատվաստում,
• Տարածքի ախտահանում,
• Կենդանիների տեղաշարժի սահմանափակում,
• Կատաղության նկատմամբ ընկալունակ կենդանիների առողջական վիճակի խիստ հսկողություն։