Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին զեկույցով հանդես է եկել Չինաստանի արտաքին գործերի համալսարանում։
«Չինաստանի արտաքին գործերի համալսարանը (CFAU) Պեկինում գտնվող պետական բուհ է, որը փոխկապակցված է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հետ և հայտնի է որպես «չինացի դիվանագետների օրրան»: Համալսարանը դիվանագիտության, միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի մասնագետներ է պատրաստում:
Շալվա Պապուաշվիլին իր զեկույցում ընդգծել է Վրաստանի խորհրդարանական պատվիրակության առաջին այցի կարևորությունը Չինաստան և Վրաստան-Չինաստան աճող ռազմավարական գործընկերությունը:
Նրա խոսքով՝ աշխարհում փոփոխություններ են կատարվում, և առկա փոթորկալի միջավայրում Վրաստանը խաղաղության ու զարգացման կղզյակ է:
Շալվա Պապուաշվիլին խոսել է նաև Վրաստանի իշխանությունների ջանքերի մասին ազգային շահերի ու ինքնիշխանության պաշտպանության առումով:
Խորհրդարանի նախագահը նաև ընդգծել է Վրաստանի ռազմավարական աշխարհագրական դիրքը և այդ ուղղությամբ առկա մեծ ներուժը:
Հանդիպումը կայացել է Շալվա Պապուաշվիլիի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում: Խորհրդարանի նախագահից բացի, ելույթ են ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Վրաստան-Չինաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկին և խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն»,- նշված է խորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ: