Երեկ Հայաստանի ազգային գրադարանը հյուրընկալել է Վրաստանի Իլիա Ճավճավաձեի անվան ազգային գրադարանի պատվիրակությանը, հայտնել է ՀՀ ազգային գրադարանը։
Պատվիրակության կազմում են եղել Վրաստանի ազգային գրադարանի տնօրեն Կոնստանտին Գամսախուրդիան, գրադարանային ռեսուրսների վարչության ղեկավար Լևան Թաքթաքիշվիլին և գրացուցակավորման բաժնի ղեկավար Բեքա Ղաժոնիան։
Միջոցառման առանցքային կետը Հայաստանի ազգային գրադարանի և Վրաստանի Իլիա Ճավճավաձեի անվան ազգային գրադարանի միջև Համագործակցության հուշագրի ստորագրումն է եղել։
Ընթերցասրահում բացվել է Վրացական գրականության անկյուն. հանդիպման շրջանակում տեղի է ունեցել նաև «Վրացական գրական ժառանգությունը Հայաստանի ազգային գրադարանում. 1783-2025 թթ.» խորագրով ցուցադրության բացումը։
Ցուցադրությունում ներկայացվել են Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուներում պահվող վրացերեն արժեքավոր հրատարակություններ և գրական թարգմանություններ։