Ընդդիմությունը Թբիլիսիի երեք վայրերում հանրահավաք է ծրագրում

Լուսանկարը՝ արխիվից

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի խոսքով, ուրբաթ՝ նոյեմբերի 19-ին, ընդդիմադիր կուսակցությունները Թբիլիսիի երեք վայրերում ցույցեր կանցկացնեն։

Ցույցերը կմեկնարկեն ուրբաթ, ժամը 15:00-ին` մետրոյի Ավլաբարի (ՄԱՇ), Սադգուրի («Լելո»), Համալսարան («Ավելի շատ ազատություն» և «Ժամանակն է») կայարանների մոտ։

Մյուս ընդդիմադիր կուսակցությունները նույնպես միանում են հանրահավաքներին, այդ թվում՝ «Ավելի շատ ազատություն» և «Լելո» կուսակցությունները:

«Մենք պատրաստվում ենք համատեղ ցույց անցկացնել ուրբաթ օրը։ Սա լավագույն միջոցներից մեկն է քաղաքացիներին ցույց տալու, որ հնարավոր չէ համակերպվել այս համակարգի հետ, և ցույց տալ արևմուտքի ընկերներին, որ այստեղ իրավիճակը նորմալ չէ», — հայտարարել է «Ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն։

«Լելոյի» առաջնորդ Մամուկա Խազարաձեն քաղաքացիներին կոչ է արել միանալ հանրահավաքներին՝ անկախ նրանից, թե որ կուսակցությանն են հարում։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում և այդ ժամանակվանից հացադուլ է անում։ Ավելի ուշ առողջական վիճակի վատթարացման հետևանքով տեղափոխվել է Գլդանիի 18-րդ բանտային հիվանդանոց։ Չնայած բժիշկների խորհրդի, քաղհասարակության, ընդդիմության` Սաակաշվիլիին բազմաֆունկցիոնալ կլինիկա տեղափոխելու կոչերին, իշխանությունները մինչ այժմ հրաժարվում են դա անել՝ ասելով, որ բանտի բուժհաստատությունը համապատասխանում է բուժման պահանջներին:

Սաակաշվիլիին ազատ արձակելու և քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով բողոքի ցույցեր են անցկացվում ինչպես մայրաքաղաք Թբիլիսիում, այնպես էլ տարբեր քաղաքներում։

Ասյա Բալասանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր