Ռուս պատգամավորը պատասխանում է Վրաստանի նախագահին

Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Յուրի Շվիտկինը պատասխանել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության մասին հայտարարությանը:

Ռուս պատգամավորի հայտարարությամբ Մոսկվան Թբիլիսիի հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու կողմնակից է։ Նրա խոսքով, ռուս ժողովրդի մեծամասնությունը վրաց ժողովրդի հանդեպ բարեկամական և եղբայրական տրամադրվածություն ունի:

«Լավատեսորեն եմ նայում երկու երկրների միջև հարաբերությունների վերաձևավորմանը»,- հայտարարել է Շվիտկինը:

Նա նաև նշել է, որ Մոսկվայի և Թբիլիսիի միջև ընթացող երկխոսությունում բացասական դեր է խաղացել վրացի որոշ ծայրահեղականների հռետորաբանությունը: Շվիտկինի խոսքով այս գործընթացում խիստ անհրաժեշտ է, որ Վրաստանի ղեկավարի խոսքերն ու գործողությունները իրար համընկնեն: